Նոյեմբերի 2-ին Hraparak.am-ը հրապարակել էր «4 երեխա ունեցող Աննա Հակոբյանը մեկնելու է առաջնագիծ, 3 երեխա ունեցողներին՝ մերժում են» վերտառությամբ հոդված, որում խոսվում է մի քանի երեխա ունեցող կանանց ռազմաճակատ մեկնելու արգելքի՝ հստակ նորմով ամրագրված լինելու մասին։

Հոդվածագիրը թեմայի շուրջ զրուցել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, որը, ըստ «Հրապարակի», տեղյակ էր օրենքից։ Խաչատրյանի խոսքերով՝ «երկու երեխա ունեցող կանանց էլ թույլ չեն տալիս մեկնել, եթե իրենք զինապարտության օրենքով զինգրքույկ չունեն, եթե զինապարտության չեն անցել՝ իրենք զինակոչի ենթակա չեն։ Եթե հաշվառված չեն պահեստազորում, գնալու են՝ ճանապարհից հետ գան»։

Մարգարիտա Խաչատրյանն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի եւ պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաեւ զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Սակայն այստեղ խոսքը ոչ թե կամավորագրման, այլ պահեստազորում հաշվառվելու մասին է։

Որեւէ օրենքով եւ նորմով ամրագրված չէ բազմազավակ կանանց սահման մեկնելու արգելքը

Առհասարակ, Հայաստանի պաշտպանությանն առնչվող հարցերը կարգավորվում են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ աշխարհազորը քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը։ Պարզ ասած՝ աշխարհազորի կազմում ընդգրկվում են կամավորները, որոնք հաշվառված չեն պահեստազորում եւ պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված չեն։

Սեպտեմբերի 27-ին ընդունվեց եւ հրապարակվեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը եւ սահմանվեց 18-55 տարեկան ՀՀ քաղաքացիների զորահավաք։ Ե՛ւ Պաշտպանության մասին օրենքի, ե՛ւ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ բազմազավակ կանանց կամավորագրվելու եւ ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ որեւէ սահմանափակում չկա։ Այսինքն՝ բազմազավակ կանանց չկամավորագրելու կամ նրանց կամավորագրման համար արգելք հանդիսանալու իրավական հիմք չկա՝ բացի վերոնշյալ տարիքային սահմանափակումը։

Այս օրերին կանանց կամավորագրմամբ զբաղվել է նաեւ ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Մեր զրույցում Այրումյանը նույնպես նշեց, որ կամավորը իր կամքի ուզածը կարող է անել, եւ որ բազմազավակ կանանց համար իրավական տեսանկյունից սահմանափակում չկա․ գործում է միայն տարիքային սահմանափակում՝ ՀՀ օրենսդրության համաձայն։

Այսպիսով՝ գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող սահմանափակվել երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու գործընթացը։ Իսկ ինչ վերաբերվում է որոշ կանանց կամավորագրվելու հայտերը մերժելուն, ապա սա այն պատճառով է, որ դիմողների պակաս չկա։ Սա մեր զրույցում հաստատեց նաեւ ոստիկանության գնդապետը՝ նշելով, որ արդեն ավարտվել է կանանց կամավորագրումը՝ բավարար թվով կամավորների արագ արձագանքման շնորհիվ։ 

Ի հավելումն նշենք, որ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, որը ենթակա է պարտադիր զինծառայության, հանդիսանում է զինծառայող, ոստիկանության ծառայող, փրկարար ծառայող, քրեակատարողական ծառայող, հարկադիր ծառայող, եւ այն անձը, որը պատիժ է կրում կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Նարեկ Մարտիրոսյան