Եվրոպական ուսանողական միությունը ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|
15:27 - 04 նոյեմբերի, 2020

Եվրոպական ուսանողական միությունը ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Եվրոպական ուսանողական միությունը միացել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ եվրոպական հաստատություններին և ԵՄ երկրներին կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները դատապարտելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար․ այս մասին ասվում է եվրոպական ուսանողական միության պաշտոնական կայքում։

Նշվում է, որ միության կառավարման խորհրդի 79-րդ ժողովի ընթացքում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան խորհրդի քննարկմանն է ներկայացրել հատուկ բանաձև, որում մասնավորապես ասվում է, որ չնայած մինչև այս ժողովրդավարության, բարեկեցության և կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ տարածաշրջանում կարելի է ականատես լինել արյունալի պատերազմի, որը խեղել է հազարավոր կյանքեր։

«Մենք ցնցված ենք ռասիզմի և անհանդուրժողականության մասին Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած զեկույցից, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի նկատմամբ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ ատելության այս հռետորաբանությունը լսելով է մեծացել: Հայաստանի հետ հաշտության հաստատման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում վիճահարույց մեղադրանքներով ծանր բանտարկությունների են դատապարտվել»,- ասվում է բանաձևի տեքստում և ընդգծվում, որ Եվրոպական ինստիտուտների և երկրների կոչերն ու մինչև այժմ դրսևորած չեզոքությունն այժմ միայն տարածաշրջանում խաղաղության հաստատման թշնամիներն են։

«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձերը և հարևանների հետ խաղաղ կյանքի, ինքնորոշման և խաղաղ համակեցության իրավունքով նրանց ապահովել»,-ասվում է բանաձևում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել