Նոր խարդախություն՝ հորիզոնում․ Չեռնոգորիայի «Պորտոնովի»-ին պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին․ Վարբո Մեդիա
14:50 - 04 նոյեմբերի, 2020

Նոր խարդախություն՝ հորիզոնում․ Չեռնոգորիայի «Պորտոնովի»-ին պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին․ Վարբո Մեդիա

Չեռնոգորիայի կառավարությունն ի սկզբանե զգալի արտոնություններ է տրամադրել Կումբորում գտնվող Պորտոնովի նախագծի սեփականատերերին:

Ներդրումը (ըստ «Azmont»-ի՝ 737.4 միլիոն եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն), որն արվել է մինչեւ այս տարվա օգոստոսի վերջը, 2012 թվականին տրվել էր Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությանը՝ չնայած այն հանգամանքին, որ ափամերձ ամենագրավիչ հողամասերից մեկի՝ նախկինում տասնամյակներ շարունակ ռազմական համալիրի 90 տարվա վարձակալության համար արված նրանց առաջարկը NCH ամերիկյան կոնսորցիումի արված առաջարկի կեսից էլ պակաս էր, ինչպես նաեւ չէր բավարարում մրցույթի այն պայմանը, որ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգ աստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր:

Պլանների հաճախակի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն ընձեռեց կառուցել նախատեսվածից կրկնակի շատ քառակուսի մետրեր, վիլլաներ եւ բնակարաններ՝ վաճառքի համար, սակայն Ադրիատիկի ամենագեղեցիկ տարածքներից մեկի վարձակալության գինը այդպես էլ մնաց մեկ եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար: Մրցույթի նախօրեին եւ հետագայում պետության ղեկավարությունը հաճախ էր մեկնում Բաքու: Այս խոշորագույն ներդրումներից մեկի հետ գործնականորեն կապակցված են Ացո եւ Անա Ջուկանովիչները, ինչպես նաեւ Բոդաքս կազմակերպությունը՝ Պոդգորիցայից։

Կոմբորում Պորտոնովի էլիտար համալիրը կառուցող «Azmont Ներդրումներ» կազմակերպության վերջնական սեփականատերերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերն են՝ Արզուն եւ Լեյլան, ինչպես նաեւ նրա աները՝ Արիֆ Փաշաեւը: Չեռնոգորիայի խոշորագույն ներդրումներից մեկի սեփականատիրական նման կառուցվածքը բացահայտում է Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG)՝ հիմնվելով պետական, ինչպես նաեւ օֆշորային ընկերությունների ու բանկերի խճճված սխեմաների միջոցով ստացված տեղեկությունների վրա:

Ինչպես վերեւում նշվեց՝ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգ աստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր: SOCAR-ը առաջարկում է տարեկան մեկ եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար, ֆիքսված 5 տոկոս շահույթ եւ ութ տարվա ընթացքում՝ 258 միլիոն եվրոյի ներդրում: Մինդեռ NCH կոնսորցիումը առաջարկում էր երկու եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար, շահույթի 5.1 տոկոսը, եւ գնահատված ներդրում՝ 200 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաեւ ներդրումային ծրագրում ճշգրտելով 90 միլիոն եվրոյի ներդրում:

Չնայած այն հանգամանքին, որ վարձակալության գինը կարեւոր կետերից մեկն էր, սեփականաշնորհման խորհրդի մրցութային հանձնաժողովն իր որոշումը կայացրեց ադրբեջանցիների օգտին: Մրցույթի հանձնաժողովի նախագահը՝ զբոսաշրջության այն ժամանակվա նախարար Պրեդրագ Սեկուլիչն էր, իսկ մասնավորեցման խորհրդի ղեկավարը` այն ժամանակվա վարչապետ՝ Իգոր Լուկշիչը:

Կառավարությունն այնուհետեւ մի քանի անգամ փոխեց այս տարածքի ծրագրերը եւ տվեց կրկնակի անգամ ավելի մեծ շինարարության հնարավորություն, քան նախապես ծրագրված էր, ինչպես նաեւ տվեց կառուցվածքի փոփոխության հնարավորություն՝ ավելի շատ բնակարաններ, առանձնատներ եւ բիզնես տարածքներ։ Պայմանագրում չկար նաեւ հակակոռուպցիոն դրույթ, որը, ինչպես գնահատում են CIN-CG զրուցակիցները, «լուրջ ստվեր է գցում այս գործի վրա»:

«Azmont»-ից չպատասխանեցին, թե քանի շինություն է ավարտվել մինչ այժմ: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հանգստավայրի տարածքում, բացի 214 բնակելի միավորներից, կլինեն շուրջ 30 տարբեր մանրածախ խանութներ: «Azmont»-ից չպատասխանեցին նաեւ, թե ինչքան գույք են վաճառել, եւ ովքեր են գնորդները:

Ներդրողների ներկայացուցիչները չհամաձայնեցին հանդիպել այս հետազոտության հեղինակների հետ: Քանի որ հանգստավայրը բաց է այցելուների համար, Կումբորում նրանք տեսան, որ ափի 1800 մետր երկայնքով 26 հա տարածքի վրա մի ամբողջ փոքրիկ քաղաք է մեծացել: Կառուցված են «One & Only» հյուրանոցը, որը դեռ չի բացվել, նավահանգիստը, առանձնատներն ու բազմաբնակարան շենքերը՝ բարեկարգված մոտեցումներով, շատրվաններով հրապարակները եւ ժամանակակից այգիները, որոնց շքեղությունն էլ ավելի են շեշտում տեղացիներով բնակեցված մոտակա համեստ շենքերը: Այստեղ են նաեւ բրենդային խանութներ, ռեստորաններ, բարեր, հնաոճ իրերի խանութներ, պատկերասրահներ, սուպերմարկետ․․․

Առկա մեքենաներն ու աշխատողները փաստում են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն արդեն պարզ է, որ շատ բան չի մնացել: Ըստ պայմանագրի՝ ներդրողին թույլատրվում է փուլային շինարարություն, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում է վարձակալության առաջին ութ տարվա ընթացքում, այսինքն` այս տարի: Հիմնական կապալառուն Հերցեգ Նովիում գրանցված «Picaroti Montenegro» կազմկաերպությունն է, շվեյցարական համանուն ընկերության դուստր ձեռնարկությունը:

 Vlada vlasnicima projekta obezbijedila značajne privilegije: Portonovi

Չնայած նախկինում Ադրբեջանի հետ գործնականում կապեր չկային՝ մեկ տասնամյակ առաջ այս երկիրը հանկարծ դարձավ հետաքրքիր ուղղություն եւ պետական վերնախավի գործընկեր:

Նախքան 2012-ի հուլիսին «SOCAR»-ի հետ գործարք կնքելը, ինչպես նաեւ դրանից հետո, Չեռնոգորիայի բարձրագույն պաշտոնյաներն Ալիեւի հաճախակի հյուրերն էին, որի երկիրը միջազգային շրջանակներում կասկածվում է ոչ թափանցիկ գործառույթների մեջ: Չեռնոգորիայի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Վույանովիչը 2011թ-ի սեպտեմբերին պաշտոնական այց կատարեց: Նույն թվականի դեկտեմբերին ճանապարհորդեց Չեռնոգորիայի ներկայիս նախագահ Միլո Ջուկանովիչը՝ որպես DPS-ի ղեկավար, իսկ նրա հետ` իր ներկայիս խորհրդական, իսկ այն ժամանակ դիվանագիտության ղեկավար Միլան Ռոչեն:

2012թ․-ի մայիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Չիկագոյում Ալիեւի հետ հանդիպեց այն ժամանակվա վարչապետ Իգոր Լուկշիչը: Կամբորում հողամասի վարձակալության պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո վերջինս ուղեւորվեց Բաքու: Ավելի ուշ Ջուկանովիչը եւս երկու անգամ այցելեց Ադրբեջան՝ որպես վարչապետ, իսկ Վույանովիչը՝ եւս 5 անգամ՝ որպես երկրի նախագահ: CIN-CG-ի Ադրբեջան այցերի մասին հարցին Վույանովիչը եւ Լուկշիչը պատասխանել են, որ իրենք Ադրբեջանից ոչ մեկի հետ անձնական գործ չունեն: Ջուկանովիչի կաբինետը չի պատասխանել ոչ այցերի պատճառի մասին հարցին, ոչ էլ՝ արդյոք նա կամ Ռոչենը գործնական կապեր ու շահեր ունե՞ն Ադրբեջանի հետ:

Ջուկանովիչի մերձավոր ընտանիքի անդամները կապ ունեն Կումբորի բիզնեսի հետ: Քաղաքաշինության եւ նախագծերի հանրապետական ինստիտուտը (RZUP), որը մեծամասամբ պատկանում է նրա կրտսեր եղբորը՝ Ացային, վերահսկում է ներդրումները եւ զեկույցներ է պատրաստում խորհրդարանի համար: RZUP-ը աշխատանքը շահել է մրցույթում, որի համար ներդրողը պետք է վճարի նրան 142,8 հազար եվրո: Նախագահի քույրը՝ Անա Ջուկանովիչը, իր փաստաբանական գրասենյակի միջոցով վարում էր «Ազմոնտ» բանկի իրավաբանական գործերը: Չնայած որ ե՛ւ RZUP-ը, ե՛ւ ադրբեջանցիները որպես գաղտնիք են պահում տեղեկություններն այն մասին, թե ով է իրագործում շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ կատարում այլ աշխատանքներ, Պոդգորիցայում տեղակայված «Bemax» ընկերությունը, որին հասարակությունը վերագրում է Միլան Ռոչենի հետ մոտիկություն, իր կայքում հայտարարեց, որ պայմանագիր է կնքել 61,5 միլիոն եվրոյի դիմաց: «Bemax»-ը բոլոր խոշոր ներդրումների անշրջանցելի կապալառուն է, այդ թվում` մայրուղու ամենամեծ հատվածում:

Portonovi

 

Կրկնապատկված քառակուսիներ՝ պայմանագրից հետո

Դեռեւս 2011 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարարվել էր 242 հազար քառակուսի մետր տարածքով, 90 շինություններով, 62 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկին ռազմական համալիրի վարձակալության մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2012 թվականի մարտի 15-ն էր: «SOCAR»-ը 2012 թվականի ապրիլին ընտրվում է որպես առավել շահութաբեր հայտատու: Զբոսաշրջության նախարար Պրեդրագ Սեկուլիչը եւ «SOCAR»-ի ներկայացուցիչ Գաֆար Գուրբանովը համաձայնագիրը ստորագրում են հուլիսի 10-ին: Գուրբանովը 2012թ․-ին եւ 2013թ․-ին եղել է «Azmont»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ «Triangle investment» օֆշորային ընկերության տնօրենը, որը «SOCAR»-ի համար գնել էր մրցութային փաստաթղթերը: Բրիտանական ընկերությունների գրանցամատյանում նա նշված է որպես օֆշորային մի քանի այլ ընկերությունների տնօրեն:

Պայմանագրի կնքումից առաջ անցկացվել է Կումբորի պլանավորման փաստաթղթի նախագծի հանրային քննարկում (տեղանքի հետազոտություն), ըստ որի՝ նախատեսվում էր զորանոցների տարածքում կառուցել մոտ 75 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություններ, որոնց կեսը պետք է լինեին հյուրանոցային շինություններ, իսկ մնացածը` բացառապես բնակարանային՝ ուղեկցող հարմարություններով, ինչպիսիք են՝ հասարակական սննդի կազմակերպումը, առեւտուրը: Տեղանքի վերջնական ուսումնասիրության մեջ նշվում է, որ «ֆինանսական շուկայի կանխատեսումը ցույց է տվել, որ այդքան ցածր հզորության (800 օգտագործողի), ներդրումը կարող է ֆինանսապես կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե տարածքի հզորության 50 տոկոսը գտնվում է բարձրակարգ հյուրանոցներում, իսկ 50 տոկոսը` բարձր կարգի բնակման համար»:

Այն բանից հետո, երբ 2012թ. հուլիսի 26-ին Կառավարությունն ու Ազգային ժողովը հաստատեցին վարձակալության պայմանագիրը, Կումբորի պլանավորվման վերջնական տարբերակով ադրբեջանցիներին այդ տարվա վերջին թույլատրվեց կառուցել երկու անգամ ավելի շատ՝ 100,000 քառակուսի մետր զբոսաշրջային շինություններ (ներառյալ հյուրանոցային կացարաններ), ինչպես նաեւ 45,000 քառակուսի մետր բարձրակարգ բնակարաններ, խանութներ, հասարակական սննդի, մշակութային եւ այլ շինություններ, եւ պայմանագրով նախատեված նավակայան՝ 250 նավերի համար: Ավելի շատ շինարարությունն ու շահույթը չեն ուղեկցվել վարձակալության գնի բարձրացմամբ:

2014 թվականին կրկին փոփոխության է ենթարկվում “Sektor 5” Կամբորի տեղանքի պետական ուսումնասիրությունը: Հնարավոր է դառնում կառուցել լրացուցիչ ընդհանուր հինգ հազար քառակուսի մետր՝ այսպիսով փոփոխելով կառուցվածքը բնակարանների, առանձնատների, խանութների եւ ռեստորանների տարածքի քառակուսիները կրկնապատկվեցին: Սեփականաշնորհման գործընթացի դիտման եւ վերահսկման խորհրդարանական հանձնաժողովի նախկին անդամ՝ Մլադեն Բոյանիչը, CIN-CG-ի հարցազրույցում ասում է, որ պետական գույքի վաճառքից հետո պլանային փաստաթղթերի փոփոխությունը «կարմիր լույս է», որը վկայում է կոռուպցիայի հավանական առկայության մասին:

«Հաճախ տեղի էին ունենում փոխակերպումներ, ինչպես նաեւ տարածության օգտագործման աստիճանի բարձրացում: Այս ամենը ազդում է, առաջին հերթին, հողի վաճառքի գնի վրա, իսկ ավելի ուշ փուլում՝ շինությունների չափի եւ արժեքի վրա… Պորտոնովը ընդամենը մեկ օրինակն է, թե ինչպես է պետությունը գիտակցաբար հրաժարվել իր հեղինակությունից»,- ասաց Բոյանիչը:

Մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի իրավախորհրդատու Ինես Մրդովիչի համար խնդրահարույց է, որ «SOCAR»-ի հետ պայմանագրում չկա հակակոռուպցիոն դրույթ, որը տրամադրվում է ԵՄ-ի եւ Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերով: «Երբ վարձակալում եք անհավատալի 90 տարի, որի ետեւում թաքնված է տեղանքի վաճառքը, եւ ներդրումների ծավալը՝ չափվում է հարյուրավոր միլիոններ եվրոյով, առնվազն ինչ պետք է անեն իշխանությունները դա համաձայնագրով պետության շահերը լավագույնս պաշտպանելն է, ներառյալ՝ հակակոռուպցիոն դրույթներով համաձայնագրում, քանի որ այս ձեւով է ապացուցում պատասխանատու վերաբերմունքը հանրային ռեսուրսների եւ քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Մրդովիչը CIN-CG-ի հետ զրույցում:

Luksuz pod velom tajne: Portonovi

 

Ասոցացված ընկերություններ եւ դասակարգված տեղեկություն

«Azmont»-ը Մոնտենեգրոյում հիմնել է հինգ «դուստր» ձեռնարկություն, իսկ 2016-ին` բանկ: Այն սկզբում կոչվում էր «Ազմոնտ», այնուհետեւ՝ «Նովա բանկա», իսկ այժմ ՝ «Ադրիատիկ
բանկա»: Իրավաբանական գործերը կատարում էին Անա Ջուկանովիչի փաստաբանական գրասենյակի միջոցով: 2019-ի հուլիսին «Azmon»t- ը 7,1 միլիոն եվրոյով վաճառեց «Նովա Բանկան» ամերիկյան «Adriatic Capital LLC»-ին:

Ըստ բանկային շրջանակների ոչ պաշտոնական տեղեկությունների, դա արեցին, քանի որ չկարողացան գտնել թղթակցային բանկ արտասահմանյան վճարային գործարքների համար: CRPS-ի տվյալների համաձայն, բանկի նոր սեփականատերերն են Ալեքսանդր Շնայդերը (80 տոկոս) եւ Դավիթ Գենեկովը (20 տոկոս): Շնայդերըը «Midland Group»-ի համահիմնադիրն ու նախագահն է, որին կառավարությունը տվել էր Նիկշիչի մետաղագործական գործարանի ղեկավարությունը 2004 թվականի կեսերից մինչեւ 2005 թվականի վերջը, երբ նա չճշտված հանգամանքներում լքեց գործարանը, թողնելով 2,7 մլն եվրո հարկային պարտք: «Midland Group»-ի իրավաբանական ներկայացուցիչը Մոնտենեգրոյում նույնպես Անա Ջուկանովիչն էր:

CIN-CG-ի այն հարցին, թե ինչու են նրանք համաձայնություն տվել, որ «Նովա Բանկա»-ն գնվի անվստահելի վարկանիշով մի ներդրողի կողմից, որն իրեն նման ձեւով ցուցաբերեց Նիկշիչի մետաղագործական գործարանում, CBCG -ն պատասխանեց, որ նա ներկայացրել է սահմանված, ինչպես նաեւ լրացուցիչ պահանջված փաստաթղթերը՝ վերջին երեք տարիների ընթացում հայտարարագրված կամ վճարված հարկերի ապացույցները, չանելով հիշատակում մետաղական գործարանի 2.7 միլիոն եվրոյի պարտքի մասին: «Adriatic Bank»-ի մյուս սեփականատերը «Geneco's Plastic Surgery Group»- ն է` Դալլասից:

CBCG-ն հրաժարվեց CIN-CG-ին տրամադրել «Նովա Բանկա»-ի վաճառքի համաձայնության փաստաթուղթը` բացատրելով, որ դա գաղտնի է:


Բոլորը՝
 Բաքվում


DPS-ի պետ Միլո Ջուկանովիչը եւ Արտաքին գործերի նախարար Միլան Ռոչենը 2011
թվականի դեկտեմբերի 21-ից 23-ը աշխատանքային այցով եղել են Ադրբեջանի Հանրապետությունում՝ «Արդիականացման քաղաքականություն. Նոր տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներ» միջազգային համաժողովում,- ասվում էր Ադրբեջանի եւ Չեռնոգորիայի մշակույթի եւ տնտեսական կենտրոնի կայքերում:

Ջուկանովիչը եւս երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ որպես վարչապետ:

2011թ-ի սեպտեմբերին կայացած առաջին պաշտոնական այցից հետո, Չեռնոգորիայի Նախագահ՝ Ֆիլիպ Վույանովիչը այցելել է Ադրբեջան 2012, 2013, 2015, 2016 եւ 2017 թվականներին: Նրա դուստրը ՝ Նինա Վույանովիչը, 2017 թ-ի օգոստոսին մասնակցել է Բաքվում կայացած «Երիտասարդ առաջնորդների» գլոբալ ֆորումին, իսկ կինը ՝ Սվետլանան, 2017թ.-ի սեպտեմբերին, Գերագույն դատարանի նախագահ՝ Վեսնա Մեդենիցայի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ադրբեջան:

Վույանովիչի գրասենյակը, միաժամանակ ժխտելով, որ «Չեռնոգորիայի նախկին նախագահը բացարձակապես, երբեք չի ունեցել որեւէ գործնական հարաբերություն Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրից որեւէ մեկի հետ», այցի պատճառները տեղադրել են նախկին նախագահի կայքում: Կայքում, ի թիվս այլ բաների, նշվում է, որ 2013թ.-ի դեկտեմբերին նա մասնակցեց «Շահ Դենիզ 2» գազատարի խորհրդաժողովին, որտեղ Չեռնոգորիայի, Ադրբեջանի, Ալբանիայի եւ Խորվաթիայի միջեւ ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր»՝ այդ երկրներում գազային միջանցքի կառուցման համագործակցության մասին:

Վերջերս Վույանովիչը աջակցման նամակ է հղել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, նշելով, որ «նա մեծ տխրությամբ եւ անհանգստությամբ է ընդունել խաղաղության բազմակի խախտումների եւ անմեղ մարդկանց սպանության մասին լուրերը»: CIN-CG-ի այն հարցին, թե արդյոք նա այդպիսի նամակ է ուղարկել Հայաստանի նախագահին, Վույանովիչի գրասենյակը պատասխանել է, որ նա միշտ հարգանք է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի դիրքորոշման համար, որոնք ցույց են տալիս տասնամյակներ տեւող հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:


Գաղտնիք. թե ովքեր են 12 միլիոն եվրոյի դիմաց խորհրդատուները


«Azmont»-ից CIN-CG-ին ասում են, որ իրենք ներդրել են 637,5 միլիոն եվրո մինչեւ 2019 թվականի ավարտը, սակայն RZUP-ի տվյալները ցույց են տալիս, որ նույն ժամանակահատվածում ներդրվել է մոտ 543,8 միլիոն եվրո: Կենտրոնական բանկը Ադրբեջանից ներդրումներ է ներկայացրել միայն 2016 եւ 2017 թվականների համար, ընդհանուր առմամբ՝ 113 միլիոն եվրո, մինչդեռ 2012 թվականի համար դրանք գաղտնիք են ճանաչվել:«Azmont»-ից ասում են, որ իրենք այդ տարի ներդրել են 11,1 մլն եվրո: Այդ ժամանակ էլ եւ վճարվել է 10,868,490 եվրո վարձավճար, առաջին 45 տարիների համար, մինչդեռ «Azmont»-ն այժմ վաճառում է 598-ից 659 քմ մակերեսով վիլլաներ՝ մինչեւ 9,46 մլն եվրո գնով:

2019 թվականին ադրբեջանցիները ներդրել են 213,9 միլիոն եվրո, 2018 թվականին՝ 92,4 միլիոն եվրո, 2017 թվականին ՝ 5,7 միլիոն եվրո, իսկ 2012-2016 թվականների ժամանակահատվածում՝ շուրջ 183,7 միլիոն եվրո, համաձայն RZUP-ի տվյալների, որն ընտրվել է մրցույթի՝ վերահսկողության համար:

2016 թվականին խորհրդարանը պահանջել է վերահսկողություն իրականացնել, քանի որ 2013թ.-ի, 2014թ․-ի եւ 2015թ․-ի յոթ ամսվա՝ 92 միլիոն եվրոյի առաջին ներդրումային զեկույցը կառավարությունն ընդունել է ներդրողների տվյալների հիման վրա:

«Azmont»-ից բացատրում են, որ իրենք լրացրել են ՉԿԲի կողմից գրանցված գումարի տարբերությունը, եւ Ազմոնտի եւ RZUP հաշվետվությունների համաձայն ծախսված գումարի տարբերությունը`«ներդրումներից (ինչը նշանակում է կապիտալ ու հիմնադիրներից ստացված վարկեր), ինչպես եւ կազմակերպության օպերացիոն շահույթից։ «Ֆինանսավորման հիմնական աղբյուրը, ինչպես որ երեւում է առկա հանրային հաշվետվություններից, ներդրումներն են», - ասում են Ազմոնտից՝ նշելով, որ դրանք գրանցված են Չեռնոգորիայում: Ըստ RZUP-ի զեկույցների ՝ ներդրված 543,8 միլիոն եվրոյից 445,8 միլիոնը վերաբերում է կատարված աշխատանքներին, 53,7 միլիոնը ՝ նախագծմանը, իսկ 12,3 միլիոնը՝ խորհրդատվական ծառայություններին:

CIN-CG-ի այն հարցին, թե ում հետ կնքեցին խորհրդատվական պայմանագրեր, ը «Azmont»-ից պատասխանեցին, որ իրենք «իրավունք են վերապահում չմեկնաբանել առեւտրային առումով զգայուն տեղեկություններ»: RZUP- ը վկայակոչեց գաղտնի տվյալներ պահելու պարտավորությունը: Փողերի լվացման կանխարգելման ոստիկանության վարչության հատվածը չի պատասխանել CIN-CG-ի այն հարցերին, թե ստուգե՞լ են արդյոք Ադրբեջանից կատարված ներդրումները, եւ կա՞ն արդյոք կասկածելի գործարքներ:


Նավթային ընկերություն, ապա օֆշորային


Ալիեւը իշխանության ղեկին է 2003 թվականից: Այդ ժամանակից ի վեր՝ նրա հարստությունը,
ըստ մատչելի տեղեկությունների, աճում է անհավատալի տեմպերով, եւ ըստ դրա, գնահատվում է, որ նա ներկայումս աշխարհում ամենահարուստ նախագահներից մեկն է: Հետաքննող լրագրողների OCCRP ցանցը 2012-ին նրան ճանաչեց «տարվա մարդը՝ հանցագործության եւ կոռուպցիայի ոլորտում»: Երեք տարի անց այդ տխրահռչակ տիտղոսը ստացավ Չեռնոգորիայի ներկայիս նախագահ Միլո Ջուկանովիչը, որին բրիտանական Independent-ը շատ ավելի վաղ արդեն ընդգրկել էր աշխարհի 20 ամենահարուստ տիրակալների մեջ:

2013թ-ին Transparency International-ը՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, Ադրբեջանը նշեց որպես երկիր, որտեղ կոռուպցիան աճել է, եւ այդ երկիրը ԵՄ-ի սեւ ցուցակում էր 2018թ-ից՝ փողերի լվացման պատճառով:

SOCAR-ն Azmont-ի սեփականության կառուցվածքում էր մինչեւ 2017 թվականը, երբ այն ամբողջությամբ ստանձնեց Ադրբեջանի «Global Investment» (AGI) ընկերությունը: Այն, որ AGIի ետեւում կանգնած են Ադրբեջանի նախագահի դուստրերը, ինչպես նաեւ նրանց պապը` Արիֆ Փաշաեւը, ավելի փոքր բաժնեմասով, ցույց են տալիս Չեռնոգորիայի ձեռնարկությունների կենտրոնական փաստաթղփերի տվյալները, Թուրքիայի ֆոնդային բորսան եւ Ալիեւների ընտանիքի հետ կապված բանկերի հաշվետվությունները:

Չնայած որ նավթային ընկերությունը դուրս է եկել գործերից Կումբորում, այնուամենայնիվ կազմակերպության ներկայությունը Չեռնոգորիայում դեռեւս առկա է: «SOCAR»-ը հիշատակվում է Možura խարդախության մեջ` որպես օֆշորային «Cifidex» ընկերության իրական սեփականատեր, որի գործարքները օգոստոսին սկսել է հետաքննել Հատուկ պետական դատախազությունը: 2015թ-ի դեկտեմբերին «Cifidex»-ը իսպանական «Fersa»-ին եւ «Celebic»-ին վճարում է մոտ 3,5 միլիոն եվրո՝ չեռնոգորական «Mozura Wind Park» ընկերության համար, որը գտնվում է Ուլցինի մոտակայքում գտնվող համանուն բլրի վրա՝ հողմակայան կառուցելու նպատակով, իսկ երկուսուկես ամիս անց դրանք վաճառում է մալթական «Enemalta» պետական ընկերությանը՝ 11,3 միլիոն եվրոյի դիմաց: Այս գործում առկա կոռուպցիան հետաքննել է մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, որը սպանվել է:

Ամերիկյան արդարադատության նախարարության զեկույցի համաձայն՝ «SOCAR»ը կապ ունի նաեւ չեխ գործարար Վիկտոր Կոժենիեյի հետ, որը ներգրավված է Ադրբեջանում բարձր պետական պաշտոնյաների զանգվածային կաշառակերության սխեմայի մեջ, ընկերությունում զգալի բաժնեմաս ստանալու նպատակով:

2012 թ-ի հուլիսի 11-ին, Կումբորի համալիրի վարձակալության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը Հոլանդիայում գրանցվեցին «Saiph Holding BV» ընկերությունը եւ դրա սեփականատեր «Cooperatief Saiph Holding UA»: Վերջինիս, եւ հետեւաբար երկուսի սեփականատերը «SOCAR»-ն էր:

Հաջորդ օրը Մոնտենեգրոյում «SOCAR»-ը հիմնում է «Azmont investments» կազմակերպությունը, որին եւ փոխանցում է վարձակալության իրավունքները, առանց կառավարության համաձայնության, ինչը թույլատրվում էր պայմանագրով, եւ ինչը CIN-CG-ի համար հաստատում է Կայուն զարգացման եւ զբոսաշրջության նախարարությունը: Նույն տարվա դեկտեմբերին, «SOCAR»-ը՝ առանց փոխհատուցման «Azmont»-ի սեփականության իրավունքները փոխանցում է «Saiph Holding BV»-ին: 2014-ի հուլիսին Ադրբեջանի «PSG Resort»- ը բաժնետոմսերի գրառումով ձեռք է բերում «Cooperatief Saiph Holding»-ի 80 տոկոս սեփականությունը, մինչդեռ «SOCAR»-ը պահպանում է 20 տոկոսը:

«PSG Resort»-ի լիիրավ սեփականատերը AGI-ն է, որը հիմնադրվել էր 2013-ի հոկտեմբերին Բաքվում: AGI-ն, տրամադրելով վարկեր Պորտոնովոյի կառուցման համար, 2017թ-ի սկզբին դառնում է «Azmont»-ի 100% սեփականատերը: 2017թ-ի վերջին «Azmont»-ի ութ տոկոսը ձեռք է բերում «Արմ Ինթերնեյշնլ»-ը Արաբական Միացյալ Էմիրություններից, որի սեփականատերն էր «Saiph Holding BV»-ը, սակայն 2018-ի սկզբին AGI- ն կրկին դառնում է լիարժեք սեփականատեր:

Երբ 2015 թ.-ի վերջին AGI- ն մուտք գործեց «Azmont»-ի սեփականության կառույց, դրա տերերն էին ադրբեջանական «Ataholding» (33 տոկոս), «Synergy Group» (32 տոկոս) եւ <Pasha Development» (35 տոկոս) ընկերությունները: «Ataholding»-ի հետեւում կանգնած էին Սեյշելյան կղզիներում եւ Պանամայում տեղակայված երեք ընկերություններ՝ «Synergy»-ն պատկանում էր երկու անհատների, իսկ «Pasha Development»-ը «Pasha Holding»-ի մաս է կազմում:

Ըստ Հարկային վարչության 2018-ի հուլիսի հայտարարության՝ այդ ընթացքում AGI-ի սեփականատերեր են դառնում «Pasha Development»- ը (99 տոկոս) եւ «Pasha Investment»-ը (մեկ տոկոս): Հարկային վարչությունում չկան նոր տվյալներ սեփականության իրավունքի փոփոխության վերաբերյալ: Այս ընկերությունները «Pasha Holding»-ի սեփականությունն են, որը Ադրբեջանի «Pasha Bank»-ի 60 տոկոսի սեփկանատերն է: «Ador» ընկերությունը բանկում ունի 30 տոկոս, իսկ 10 տոկոսը Ալիի աներոջ ձեռքում է: «Pasha» բանկը մասնաճյուղեր ունի Վրաստանում եւ Թուրքիայում: Վրացական մասնաճյուղի 2019 եւ 2020 թվականների ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ մայր բանկի վերջնական սեփականատերերն են նախագահի դուստրերը` Լեյլան եւ Արզան (45-ական տոկոս) եւ նրանց պապը` Արիֆ Փաշաեւը (10 տոկոս):

Ըստ վրացական կանոնակարգերի, սեփականության իրավունքի կառուցվածքում պետք է նշվեն ֆիզիկական անձինք, ովքեր ստանում են ուղղակի եկամուտ, եւ ոչ թե հիմնադիր իրավաբանական անձինք, այդպիսով բացահայտելով սեփականության հարաբերությունները «Pasha Holding»-ում եւ «Ador»-ում: Հարցին պատասխանելու փոխարեն, թե ովքեր են վերջնական տերերը, «Amont»-ը վկայակոչեց «հանրությանը հասանելի փաստաթղթերն ու զեկույցները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել