Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ
22:01 - 03 նոյեմբերի, 2020

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ

Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը և ոչ մի արդարացում չունեն:

Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, պաշտպանում է ոչ միայն իր ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը, այլև քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները:

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական և անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք:

Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձևերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարևորագույն տարրերից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել