Մենք հանդես ենք  գալիս հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու․ Լավրով |civilnet.am|
20:53 - 03 նոյեմբերի, 2020

Մենք հանդես ենք գալիս հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրոը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձել է Լեռնային  Ղարաբաղի խնդրին։ Հարցազրույցից հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

- Արդեն մեկ ամսից ավելի է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարդիկ են զոհվում։ Երկու կողմից զոհերի թիվը հազարների է հասնում։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, սպասում է, թե երբ կողմերը կհանգեն խաղաղ բանակցությունների։ Մարդասիրական կողմից բացի՝ այս հակամարտությունը Ռուսաստանի համար բազմաթիվ այլ սպառնալիքներ է ստեղծում՝ սպառնալիք ազգամիջյան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ; ահաբեկչության սպառնալիք՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում հայտնվել են գրոհայիններ Մերձավոր Արևելքից, և այլն։ Որքա՞ն կարելի է սպասել, և արդյոք չկա՞ կողմերին խաղաղություն պարտադրելու ճանապարհ։ Իրավունք ունի՞ արդյոք Ռուսաստանը տարածաշրջանում ցուցաբերել խնդիրների լուծման անկարողություն։

- Անդրկովկասին պատուհասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է։ Մենք բոլորովին էլ անտարբեր չենք, որ Ռուսաստանի ավանդական երկու բարեկամ ժողովուրդների միջև մարտական գործողություններ են ծավալվել մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք էր լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, դիկտատի, հարկադրանքի դրսևորումը, մեր կողմից շահեկան ճանապարհի օգտագործումը առավել քան անտեղի է։

Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ թեժ փուլից և գտնել սրված հակասությունների լուծման խաղաղ միջոց։

Աշխատում ենք այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ հումանիտար զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընկեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունը լիարժեք աշխատի։ Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ։ Հույս ունենք, որ ի վերջո Բաքվում և Երևանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեն, և ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական հուն։

Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել ՌԴ  տարածքում ադրբեջանական և հայկական ծագմամբ մեր քաղաքացիների միջև բախումները թույլ չտալու համար։

- Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու առաջարկին, ըստ էության` «2x2», որտեղ առանցքային արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կարո՞ղ է դա այլընտրանք դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին։

- Բանակցային ձևաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության և այլն: Այս թեման, մասնավորապես, վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։

Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման և դրա թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամ և եղբայր ժողովուրդներ, մենք չենք կարող կիսել նման ձգտումները։

Այդ կապակցությամբ Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը:

Խնդրի՝ բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Հենց համանախագահների եռյակն է միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը՝ վաղեմի այդ հակամարտությունը հաղթահարելու նպատակով։

Այնուամենայնիվ, մենք հանդես ենք հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու, որոնք հնարավորություն ունեն ազդելու պրոտագոնիստների վրա, որպեսզի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պայմաններ ստեղծեն հանգուցալուծման հասնելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել