Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|
11:56 - 03 նոյեմբերի, 2020

Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

factor.am: Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ որպես շքեղություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ մաս և որպես միջազնկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ աշխատանքի ծանրաբեռնվածությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է:

ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Երբ որ ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա կարող ենք կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում: Եվ միջանկյալ լուծում է կիրառվում, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում: 2,8 տոկոս աճ է եղել վարձատրության համակարգում. սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա նաև ընդգծեց, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատավարձի 30-ն տոկոսն է կազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, իսկ այս ցուցանիշը 21, 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որ գործոնների արդյունքում է այս թիվը մեծացել և կառավարությունն արդյո՞ք մտադիր է փոփոխել այս թիվը՝ հաշվի առնելով պատերազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել