Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան
22:23 - 02 նոյեմբերի, 2020

Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։

«Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Ոչ որոշիչ հաջողություն ունեցան՝ երկու դիրքի հետ կապված, բայց երեկոյան կողմ հուժկու հրետանու կրակով մեր թողած դիրքերում իրենց բավականին մեծ վնասներ ենք պատճառել»,- հավելեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։

«Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է․հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել