Դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին |hetq.am|
13:50 - 02 նոյեմբերի, 2020

Դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հոկտեմբերի 29-ին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու մասին։ Գագիկ Խաչատրյանի գրավի չափը 120 մլն դրամ էր սահմանվել։

 

 

«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդությունների հիմքում դրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման, ռազմական դրության պայմաններում դատական նիստերի ձգձգման, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանն իր առողջական վատ վիճակի պատճառով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում երբևէ չի կարողացել մասնակցել դատական նիստերին, և նրա առողջական վիճակը ներկայում ևս թույլ չի տալիս ներկա գտնվել դատական նիստերին, ինչպիսի պայմաններում գործի քննությունը հետաձգվում է։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ՀՀ ողջ տարածքում, ինչպես հայտնի է, հայտարարվել է ռազմական դրություն, և Ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կալանքի տակ գտնվող անձինք դատարաններ չեն ներկայացվում, որի պատճառով դատական նիստերը կրկին հետաձգվում են, ըստ որում, անհայտ է, թե դեռևս որքան է տևելու ռազմական դրությունը։

Բացի այդ՝ Հայաստանում կտրուկ աճել է նոր կորոնավիրուսով հիվանդների և դրանց հետևանքով մահացածների թիվը և ամբաստանյալ Կարեն Խաչատրյանը կալանքի տակ գտնվելու պարագայում պարտադրված կարգով պետք է շփվի քրեակատարողական ծառայության որոշակի աշխատակիցների, խցակիցների, ուղեկցող ոստիկանների և այլ անձանց հետ, ինչն առավել մեծացնում է նրա վարակման վտանգը:

Դատական նիստում պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ պատերազմական իրավիճակի պայմաններում Կարեն Խաչատրյանի կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվել Արցախի Հանրապետությունում որոշ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, որը կրում է շարունակական բնույթ: Բացի այդ, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ կատարվել է նաև ենթադրաբար պատճառված վնասի հատուցմանն ուղղված գործողություններ՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է 225 միլիոն դրամ գումար, որը ևս կրելու է շարունակական բնույթ:

Նշենք, որ մեղադրող Գևորգ Սարգսյանն ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել