Փոխվարչապետը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարեց աննախադեպ



 |armenpress.am|
11:03 - 02 նոյեմբերի, 2020

Փոխվարչապետը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարեց աննախադեպ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը ստեղծված իրավիճակում շատ կարևոր համարեց կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Նա հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռ 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային ռազմավարությունների, գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ:

«Մակրոտնտեսական կայունության ապահովումը իհարկե լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,-ասաց Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու, բայց և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի  երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: «Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պարտավոր ենք լուծել և որի հետ կապված, վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կգտնեք լուծումներ, արդյունավետությունն է: Ըստ էության մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականություններին համահունչ ծախսերի տրամաբանություն  հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Բայց մենք այսօր ունեք կորոնավիրուսի հետևանք, որին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետևաբար այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք»,-ասաց փոխվարչապետը:

Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, և կլինի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա և շարունակել ապահովել կայունությունը և ներդրումների հոսքը, և իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետության մակարդակով, որը հնարավորություն կտա հասնել  նպատակներին և  հաղթահարել ընթացիկ մարտահրավերները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել