Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության երրորդ տարին բորբոքել է հասարակական տրամադրությունները |armenpress.am|
17:28 - 01 նոյեմբերի, 2020

Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության երրորդ տարին բորբոքել է հասարակական տրամադրությունները |armenpress.am|

armenpress.am: Հայամետ հասարակական գործիչ, «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար, ակտիվիստ Օսման Քավալան արդեն 3 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Թուրքիայի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Քավալայի ազատությունը: Որպես հանցագործության ապացույց, առանց որևէ իրավական պատճառի, ինչպես նաև առանց մեղադրական եզրակացության Օսման Քավալան 3 տարի անցկացնում է բանտում:

«Միայն անձի նկատմամբ ատելությունը, անսահման թշնամանքը, չարությունը խլեցին Օսման Քավալայի 3 տարիները, բավական է, ազատություն Քավալային»,- թուրք լրագրող Ջան Դյունդարը  գրառում է կատարել  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Քավալան մեղադրվում է 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած Գեզի այգու ցույցերին մասնակցելու և 2016-ին հեղաշրջման փորձին աջակցելու մեջ: 2017-ի նոյեմբերի 1-ին նա ձերբակալվեց Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» և 312-րդ հոդվածի «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեղադրանքներով: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ 2020թ. փետրվարի 18-ին Քավալան 312-րդ հոդվածից արդարացվել է և ազատ արձակվել: Բայց շատ չանցած՝ փետրվարի 19-ին կրկին ձերբակալվեց, այս անգամ 309-րդ հոդվածի մեղադրանքով, արդարացվեց 2020թ. մարտի 20-ին: Քավալայի դեմ մեղադրանքները հաստատելու համար բավարար ապացույցներ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել:

Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, նրա նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ: 2020-ի սեպտեմբերի 15-ին արժանացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին՝ արվեստի ու մշակույթի ոլորտներում իր ներդրման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել