Կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել․ Մինսկի խմբի հայտարարությունը |civilnet.am|
01:29 - 31 հոկտեմբերի, 2020

Կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել․ Մինսկի խմբի հայտարարությունը |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ այսօր Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը:

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:

Առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման համար վնասի՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում․

- կողմերը դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն;

- կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ;

- կողմերը ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայում կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ ապահովելու նրանց հասանելիությունը և հետագա փոխանակումը;

- կողմերը գրավոր կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:

Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել