Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան
22:35 - 30 հոկտեմբերի, 2020

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են։

«Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»,-հայտնեց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը դեռ ուսումնասիրվում է։

«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական տարբեր օբյեկտներից, մասնավորապես՝ այն օդանավակայաններից, որտեղ Ադրբեջան և Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորելու և ոչնչացնելու այդ օբյեկտները։

Հովհաննիսյանը շեշտեց, որ առաջին հերթին Արցախի բնակչությունն է ենթարկվել ագրեսիայի։ Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած, խորհրդային արտադրության, շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբկյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված խաղաղ բնակչությանը, կարող են խոցել և վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, և Ադրբեջանը ավելի թիրախային օգտագործում է դրան։ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հակառակորդը Շուշիի եկեղեցուն և Ստեփանակերտի ծննդատանը սխալմամբ չէր հարվածել։  

«Այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչն ուղղակի ծիծաղելի է, մեղմ ասած։ Թող մտածեն Ադրբեջանում, թե ինչպես պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել