Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ
18:35 - 30 հոկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Հայկական որոշ լրատվական կայքեր՝ այդ թվում News.am-ը, Politik.am-ը եւ AraratNews.am-ը, այսօր տարածել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի հայտարարությունը՝ գրելով, թե «Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը»։ 

Սակայն Բուշի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ տող չկա։ Տեքստում հստակորեն երեւում է, որ քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները ՄԹ-ն դատապարտում է ընդհանուր առմամբ, եւ ոչ թե մասնավորապես Արցախում։

Նշված հայտարարությունը տարածել են նաեւ ադրբեջանական որոշ կայքեր՝ իրենք էլ ներկայացնելով, թե ՄԹ-ն դատապարտում է Ադրբեջանական Բարդա քաղաքի բնակավայրերի հրթիռակոծումները։

Իսկ իրականում Բուշի հայտարարության մեջ չի հիշատակվում նաեւ ադրբեջանական որեւէ քաղաք։ 

Փաստորեն, ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի՝ ըստ էության չեզոք հայտարարությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական լրատվական կայքերը ներկայացրել են հայեցողական մեկնաբանությամբ եւ մանիպուլյատիվ վերնագրերով։

Նեյլ Բուշի հայտարարությունն ամբողջությամբ եւ բառացի թարգմանությամբ՝ ստորեւ․

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ. ՄԹ-ի հայտարարությունը

Միացյալ Թագավորությունը ողջունել է մարդասիրական վերջին զինադադարը, եւ մենք եւս մեկ անգամ խոր հիասթափված ենք՝ տեսնելով, որ այն չի պահպանվում:

Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները: Քաղաքացիական անմեղ անձանց վրա հակամարտության ունեցած ազդեցության մասին են վկայում քաղաքացիական զոհերի վերաբերյալ շարունակական հաղորդումները։ Մեր դիրքորոշումը պարզ է. քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ցավալի է: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, որոնք տեղահանվել են եւ որոնց կյանքի վրա ազդում է այս իրավիճակը:

Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ ընդունելով այն փաստը, որ շարունակվող բռնությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա:

Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլատրել Կարմիր Խաչի անհապաղ մուտքը, քանի որ նրանք ձգտում են հեշտացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը:

Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք երկու կողմերին հորդորում ենք վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, որի միջոցով պետք է հասնել կարգավորման:

Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել Միացյալ Թագավորությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի: 

Շնորհակալություն»

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել