Հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է․ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի․ Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավոր
13:56 - 30 հոկտեմբերի, 2020

Հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է․ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի․ Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավոր

Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդը երեկ տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ իր ելույթը սկսել է Բունդեսթագի անունից Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության մաղթանքով եւ հույս հայտնել, որ նրանք կփորձեն ավելի լավ հարեւանություն անել, քան վերջին 100 տարիների ընթացքում։

«Կան պատմություններ, որոնք կրկնվում են, կան ժողովուրդներ եւ ազգեր, որոնց համար պատմությունները կրկնվում են աղետալի կերպով։ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի հայերի համար կրկնվում է սարսափելի պատմությունը։ Հայերն իրենց բնօրրանից հալածվել եւ քշվել են, իսկ ով ժամանակին չի հասցրել փախչել՝ մորթվել եւ գնդակահարվել է, ԱԹՍ-ների, կասետային ռումբերի զոհ դարձել, անգամ գլխատվել են, վիրավորներին չեն կարողացել բժշկական օգնություն ցուցաբերել։ Երեխաները եւ կանայք կազմում են տուժածների ամենամեծ խումբը։ Եվ, ինչպես միշտ, իրենց պատմության ընթացքում հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է, ինչպես Օսմանյան կայսրության տիրապետության օրոք 1915 թվականին հայերի կոտորածի, այնպես էլ դրան նախորդող եւ հաջորդող անթիվ անհամար ջարդերի ժամանակ»,- իր ելույթում ասել է գերմանացի պատգամավորը։

Նա շեշտել է, որ այսօր խոսում են Լեռնային Ղարաբաղի կռվի եւ հայերի վտարման մասին մի տարածաշրջանից, որտեղ փաստացի 2000 տարվա հայկական քաղաքակրթություն եւ մշակույթ կարելի է գտնել․

«Լեռնային Ղարաբաղը Կովկասում կանաչ օազիս է, որն իր լանդշաֆտով հիշեցնում է Իտալիայի միջին հատվածին։ Մենք այս երկարաժամկետ հակամարտությունում ո՛չ կողմ ենք, ո՛չ դատավոր, այն մեզանից հեռու է, ցավոք նաեւ էմոցիոնալ առումով։ Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, կա հեռու տառապանք, բայց չկա օտարի տառապանք։ Մենք ապրումակցում ենք Ղարաբաղում ապրող մարդկանց, զինվորական եւ քաղաքացիական զոհերին, ինչպես նաեւ 30 տարի առաջ իրենց հայրենիքից փախած կամ վտարված ադրբեջանցիներին, դա մեզ անհանգստացնում եւ տխրեցնում է»,- ասել է Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ իրենք դատապարտում են երկու կողմերին՝ քաղաքացիական անձնանց նկատմամբ ուժի կիրառման պատճառով։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի»։

Շահանե Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել