Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին
13:29 - 30 հոկտեմբերի, 2020

Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Բունդեսթագի Ձախերի խմբակցության պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով խմբակցության խոսնակ Գրեգոր Գիզիի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը մարդկության պատմության ամենահին հակամարտություններից մեկն է։

Երեկ Բունդեսթագում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Գիզին համառոտ ներկայացրել է դրա նախապատմությունը՝ շեշտելով, որ Խորհրդային Միության ժամանակ Ստալինի ղեկավարությամբ ձեւավորված կոմիտեի որոշման համաձայն է Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, տրվել Ադրբեջանին, որը պահպանվել է մինչեւ Խորհրդային Միության փլուզումը։

Գերմանացի պատգամավորը նշել է, որ ինչպես Կոսովոյի եւ Ղրիմի, այնպես էլ Ղարաբաղի պարագայում տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Սակայն, ըստ նրա, միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է քաղաքական լուծման միջոցով ուղղվեն։

Գիզին նշել է, որ 1994 թվականի զինադադարը երկու կողմերը հետագայում ժամանակ առ ժամանակ խախտել են, սակայն այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ամբողջությամբ խախտել է զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը․

«Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այս պատերազմը տանելու են մինչեւ վերջ։ Այսինքն՝ նա ուզում է ուժի միջոցով ողջ տարածքը հետ վերադարձնել՝ դեմ գնալով մադրիդյան սկզբունքներին։ Թուրքիան Ադրբեջանին է ուղարկում ոչ միայն զենքեր, այլ նաեւ զինվորականներ՝ այդ թվում՝ Սիրիայից։ Սա աղետալի է, եւ Գերմանիայի կառավարությունն ու ՆԱՏՕ-ն սա պիտի վերջապես խիստ դատապարտեն»։

Գերմանիայի պատգամավորն ասել է, որ Ադրբեջանն արդեն քիչ է մնում գրավի Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, եւ եթե դա տեղի ունենա, ըստ Գիզիի՝ Ղարաբաղի բնակչությունը կկանգնի հումանիտար աղետի շեմին։

Նա հիշատակել է նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ Գերմանիան նույնպես ունի մեղքի իր բաժինը․

«Թուրքիայի նման երկիրը, որն այդպիսի ցեղասպանություն է կատարել, պետք է էթիկայից ելնելով՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ առնվազն իրեն հեռու պահի եւ այլեւս երբեք հայերին չսպանի»,- ասել է պատգամավորը, ինչին հաջորդել են դահլիճում ներկաների ծափահարությունները։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Գիզին ընդգծել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական գործողություններից առաջ չի տեղեկացրել ո՛չ դաշինքի մարմիններին, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Պատագամավորը շեշտել է, որ եթե ՆԱՏՕ-ն դրա դեմ վճռորոշ քայլեր չձեռնարկի, ապա ավելորդ է դառնում նրա դերը․

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի անգամ արդեն ասել է, որ դաշինքի «ուղեղը մահացած է»,- ասել է Գիզին՝ հիշատակելով նաեւ տեսանյութը, որտեղ երկու հայ գերիներ շղթայակապ վիճակում գնդակահարվում են՝ որակելով այն պատերազմական ծանր հանցագործություն։

Գիզին ընդգծել է, որ անկախ կազմակերպությունները հաստատել են տեսանյութի իսկությունը։ Այդ հանցագործությունները, նրա պնդմամբ, պետք է հետաքննվեն եւ կանգնեցվեն։ Այս խոսքերից հետո դարձյալ ծափահարություններ են հնչել։

Դիմելով Գերմանիայի կառավարության՝ դահլիճում ներկա ներկայացուցիչ, արտգործնախարար Հայկո Մաասին՝ պատգամավորն ասել է․

«Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հունաստանի, ոչ էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ընդդեմ Հայաստանի հակամարտության դեպքում չեք կարող չեզոք մնալ։ Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք, անհապաղ դադարեցրե՛ք նաեւ Գերմանիայից դեպի Թուրքիա զենքի մատակարարումը»։

Գիզին նաեւ կոչ է արել Թուրքիային հանել Մինսկի խմբից՝ շեշտելով, որ այդ պետությունն այնտեղ անելիք չունի։ 

Շահանե Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել