ԱԱԾ-ն հորդորում է առաջնա­գծին առնչվող տվյալներ չփոխանցել սոցիալական ցանցերով
11:29 - 30 հոկտեմբերի, 2020

ԱԱԾ-ն հորդորում է առաջնա­գծին առնչվող տվյալներ չփոխանցել սոցիալական ցանցերով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու  համար:

Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել