armenpress.am:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով, որում Արցախի նախագահը շեշտել է, որ առաջիկա օրերին պետք է բեկում մտցնել ճակատում: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հավատում է հայ ժողովրդի հաղթանակին ու կոչ արել միավորվել, կռվել ու պատժել թշնամուն: Ներկայացնում ենք Արցախի նախագահի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում ապրող իմ լավ բարեկամներ: Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորվածխ է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5:

Եվ թշնամու գերնպատակն  է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը: Իմ կյանքում առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ին և առաջիններից եմ եղել, որ մտել եմ Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել եմ խաչը: Այսօր համբուրել եմ խաչը, աղոթել եմ, մոմ եմ վառել հանուն մեր հաղթանակի: Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, իրականում ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամուն: Բայց դրա համար պետք է նաև ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, հակառակը: Նորից կրկնում եմ՝ հավատում եմ մեր հաղթանակին: Եվ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում: Եկեք միավորվենք և միասին կռվենք: Իհարկե, հասկանում ենք, գիտակցում ենք ամեն ինչ, բայց եկեք նաև մեր ամենամեծ առաքելությունը կատարենք, հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի, հանուն մեր սերունդների: Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք, ես հավատում եմ մեր հաղթանակին»: