Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր ելույթում հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է էթնիկական բախումներից, հայտնում է ТАСС-ը։

«Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Հայերն իրենք են զենք վերցրել և արել դա։ Լավ բան են նրանք արել թե վատ, բայց ի սկզբանե նրանց գործողությունների ուղերձը էթնիկական հողի վրա կատարվող բացասական իրադարձություններն էին»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է՝  դա հանգեցրել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի յոթ այլ շրջաններ հայտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո։ Պուտինը հավելել է, որ այժմ Ադրբեջանը պնդում է էթնիկ հակամարտության հետ կապ չունեցող յոթ շրջանները վերադարձնելու իրավունքի մասին, որից հետո պետք է զբաղվել այն հարցով, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բաց է։

«Մենք ի սկզբանե ելնում էինք նրանից, որ պետք է խոսել 5+2 շրջաններն Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Ղարաբաղի գոտում որոշակի ռեժիմ ապահովելով»-, ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ հակամարտությունը պետք է լուծվի այնպես, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց, միևնույն ժամանակ, պետք է ստեղծվեն պայմաններ տարածքների արդյունավետ զարգացման համար։

«Դա մեր ներկայիս քննարկման մասնակիցներից շատերին հնարավորություն կտար մասնակցել այս տարածքների զարգացմանը, ներդրումներ կատարել։ Իսկ այնտեղ ներդրումներ կատարելու տեղեր կան»,- ասել է Պուտինը։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի