Տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց:

Միջոցառմանը մասնակցել են առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի անդամները, լիազորված անձինք Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ Էլեկրաէներգետիկ խորհրդի, ԱՊՀ անդամ-պետությունների ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ԱՊՀ և Եվրասիայի երկրների ուռուցքաբանության և ռենտգենոռադիոլոգիայի կենտրենների և ինստիտուտների տնօրենների ասոցիացիայի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են առողջապահության բնագավառում մի շարք կարևոր ուղղություններում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Կողմերն ընդգծել են խնդիրների լուծման, համատեղ որոշումների կայացման և փոխգործակցության ծավալման կարևորությունը:

Կողմերը անդրադարձել են նաև ուռուցքաբանության, ռադիոլոգիայի, էլեկտրոնային առողջապահության, շաքարային դիաբետի, հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի գործում կատարված և սպասվող համատեղ գործողություններին:

Հայաստանի կողմից խորհրդի նիստին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նա ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, զարգացումները, կիրառվող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ծավալված միջազգային համագործակցության կարևորությունը: Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակահամաճարակային իրավիճակին, արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար ներդրված անվտանգության կանոններին:

Լենա Նանուշյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում մշակվել ու ներդրվել է ուղեցույց` ՀՀ սահմանը հատող անձանց, կոնտակտավորների համար, հզորացվել է ընդհանուր լաբորատորիաների ներուժը, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է տեղեկանքի ձև` արտասահման մեկնող անձանց ՊՇՌ հետազոտությունների ադրյունքների տրամադրման համար:

Վերջինս կարևորել է այս ամիսների ընթացքում ակտիվ համագործակցությունը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության հետ, որի շրջանակներում Հայաստանին են տրամադրվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար թեստ–համակարգեր:

Խորհրդի նիստին ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչի ելույթի ժամանակ նշվել և կարևորվել է հայկական կողմի նախաձեռնությունը` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Վերջում ստորագրվել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի նիստի արձանագրությունը: Որոշում է կայացվել հաջորդ տարի խորհրդի նախագահությունը հանձնել Բելառուսի Հանրապետությանը, և նիստը կազմակերպել Մինսկում: