Երեխաներն են մեր ապագան․ արվեստագետներն Արցախից եկած մեր հայրենակիցների առաջ բացել են իրենց արվեստանոցի դռները
19:01 - 30 հոկտեմբերի, 2020

Երեխաներն են մեր ապագան․ արվեստագետներն Արցախից եկած մեր հայրենակիցների առաջ բացել են իրենց արվեստանոցի դռները

Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրից հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Այդ բնակավայրերից շատ կանայք եւ երեխաներ այս օրերին տարհանվել են ու ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Վերջիններիս մի մասին էլ հյուրընկալել են նկարիչ Հարություն Հովսեփյանն ու իր ընկերը՝ The Band խմբի թմբկահար Հոսո Եգանյանը։ 

Нет описания.

Ընկերներով հանձն են առել Պուշկին փողոցի իրենց տուն-արվեստանոցում 35 արցախցու աջակցելու գործը․ 22-ը երեխաներ են, մյուսները՝ նրանց մայրերը։ Տղաներն այստեղ կազմակերպում են բնակվողների առօրյան, ապահովում նրանց սնունդով, հագուստով, կազմակերպում ժամանցը։

Нет описания.

«Երբ իմացանք, որ մեր հայրենակիցներն օգնության կարիք ունեն, հանձն առանք զբաղվել նրանց կացության, սննդի, հագուստի եւ երեխաների կրթությամբ։ Մեզ համար կարեւորը երեխաների կրթությունն է, չէ՞ որ նրանք են մեր ներկան ու ապագան»,- մեկնաբանում է Հարութը։

Нет описания.

Հարութը՝ որպես արվեստագետ, փոքրիկներին սովորեցնում է նկարել, կավից իրեր պատրաստել։ Երեխաների հետ զբաղվելու փորձ, ինչպես ինքն է ասում, չի ունեցել, սակայն տեսել է՝ ինչպես են իրեն վերաբերվում իր ծնողները։ 

Բացի այստեղ բնակվողները՝ արվեստանոցի մասին լսել եւ տեղեկացել են նաեւ Արցախից ժամանած այլ պատանիներ։

Нет описания.

Այստեղ հաճախողներից մեկը՝ Սեւակ Ջանյանը, որ նկարվել չի սիրում, 20 օր է, ինչ տեղափոխվել է Երեւան։ 14-ամյա տղան Ստեփանակերտում 5 տարի զբաղվել է վոկալով։ Ստեփանակերտ-FaSiLa երգի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, ու թվում էր՝ կարիերայի դռները բացվում են․ 

«Մրցույթ շրջանակներում պետք է գնայիք Ռուսաստան, սկսվեց համավարակը։ Դե հիմա էլ․․․»,- սկսում ու չի շարունակում նախադասությունը։

Տղան նաեւ դուդուկ է նվագում, Ստեփանակերտում էլ զբաղվել է հանդբոլով, եւ հարցին, թե այդ սպորտաձեւում ինչ հաջողություններ է գրանցել, պատասխանում է, որ հունիսին պիտի գային Երեւան՝ մրցույթների, բայց վիրուսը պլանները կարծես հետ գցեց։ Սեւակը հստակ որոշել է՝ Կոնսերվատորիա պետք է ընդունվի՝ արդեն խաղաղության պայմաններում։ 

Արվեստանոցում երեխաները հպարտանում են նաեւ «իրենց չեմպիոնով»։ 

Нет описания.

Ներսիսյան Անին է՝ Վանաձոր քաղաքում կայացած կրոսավազքի մրցույթի չեմպոն։ Անին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից է ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Ասում են՝ այլ մրցույթներում եւս առաջատար է եղել։ 13-ամյա աղջիկը մեդալները ձեռքին պատմում է․

«Զբաղվում եմ թեթեւ աթլետիկայով, երեւի այդ գծով էլ կշարունակեմ։ Դե հիմա հնարավորությունը չկա շարունակելու, բայց, վստահ եմ, շուտով կվեռադառնանք»։ Անին Երեւանում է հորեղբոր կնոջ հետ․ մայրը բժիշկ է, մնացել է Արցախում։ 

Իսկ ահա մինչեւ պատերազմն ու արցախցիների՝ արվեստանոցում հյուրընկալվելը՝ այստեղ կազմակերպվում էին նաեւ անվճար ցուցահանդեսներ, ինչպես Հարութն է նշում՝ աշխարհի բոլոր արտիստների համար։

Нет описания.

Արվեստագետը վերջին իրադարձությունները համարում է մշակույթի համար մղվող պատերազմ եւ փորձում մշակութային բացը լրացնելու գործում իր դերը եւս ունենալ․ նոյեմբերի 4-ին երեխաների աշխատանքներով Դալան ցուցասրահում կազմակերպելու են ցուցահանդես-վաճառք ու ողջ հասույթն ուղարկելու են Արցախ։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել