Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա


 |armenpress.am|
18:21 - 29 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Այս մասին հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել