Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Անդրանիկ Քոչարյան
12:56 - 29 հոկտեմբերի, 2020

Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Անդրանիկ Քոչարյան

Էրդողանի ցանկությունն է, որ Թուրքիան շատ ավելի ընդգրկուն մասնակցություն ունենա բանակցային գործընթացում։ Մեր երկրի տեսակետը հայտնի է՝ խոսել Թուրքիայի մասնակցության մասին, պարզապես անիմաստ է։ Մինսկի խմբի ձեւաչափը ոչ մեկը չի փոխել եւ այդ ձեւաչափի միջոցով պետք է շարունակվեն բանակցային խաղաղապահ բոլոր գործընթացները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այսօր Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, եւ մենք միասնաբար պայքարում ենք այդ անվտանգությունը ամուր պահելու համար։ Զորքերը հանե՞լ․ թող չմոռանան՝ անվտանգության գոտին ինչպես է ձեւավորվել, ձեւավորվել է, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա, հետո ձեւավորվեց այդ գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ եւ այս կողմ միշտ հրահրում էին ռազմական գործողություններ։ Այսօր խոսել այդ անվտանգության գոտու հանձնման մասի՞ն, երբ եթե չլիներ այն, ինչ կլիներ Արցախի հանրության հետ»,- ընդգծեց նա։

Քոչարյանը նշեց, որ միջազգային հանրությունն էլ, ՄԽ անդամ-պետություններն էլ թող հասկանան, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում, եւ այն ձեւաչափը, որ տարիներ շարունակ քննարկել է Մինսկի խումբը, եւ այն «տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց» տրամաբանությունն այլեւս չի կարող աշխատել, եւ հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության, և իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաեւ մարդկանց։

«Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին՝ ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին՝ մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը, և այսօր ճանաչումն առաջնահերթ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։

Պատգամավորի խոսքով՝ իրեն ավելի շատ մտահոգում են «ներքին բայրաքթարները»։

«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչողություն ստացած գործընթացներ են գեներացվում, խոսքոս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին եւ նրանց միացած կենդանի «բայրաքթարներին», որոնք շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ գետնի վրա են գործում։ Եթե մենք օդում ունենք հաջողություններ, եւ դրանք՝ մեր խոցած բայրաքթարները թանկ սարքավորումներ են, ես կարծում եմ, որ շատերի հիշողության մեջ շատ էժան գործողությունների գայթակղությունը դեռ թարմ է։ Բայց շատ ավելի վտանգավոր էր, երբ Վազգեն Մանուկյանը կառավարության հրաժարականի մասին առաջարկն արեց հոկտեմբերի 27-ին, եւ ես հասկացա, որ այդ օրը ինչ-որ մոգական սեւ ամպ է, որ իր շուրջը հավաքում է այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքին»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ինչքան մենք ռազմական հաջողություններ արձանագրենք, բանակցություններում մեր շանսերն ավելի են մեծանալու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել