ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վաղը՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպելու են Ժնեւում՝ քննարկելու արցախյան հակամարտության կարգավորման հարցը։

Համանախագահների համատեղ հայտարարությունում նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամանակացույցին համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան:

Այս ժամանակցույց ասվածը, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի, կարող է վերաբերել մի շարք հարցերի, այդ թվում՝ երբ է հաստատվում հումանիտար հրադադար, երբ է հաստատվում հիմնական հրադադար, ինչ ժամկետներում են կրառվում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել՝ ագրեսիան ով է սանձազերծում եւ այլն։ Նրա խոսքով՝ համանախագահ երկրներն, ըստ էության, ընդունել են, որ ադրբեջանական կողմն է սանձազերծել ագրեսիան, եւ դա արել են ի հեճուկս այն բանի, որ Ադրբեջանը տորպեդահարել է 2016-ին ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ու թույլ չի տվել, որ նաեւ իր համար ընդունելի ներկայությամբ դա պարզվի։ 

Ժնեւում տեղի ունենալիք հանդիպման ու բանակցություններում հայկական կողմի ասելիքի մասին զրուցել ենք Միքայել Նահապետյանի հետ

- Պարո՛ն Նահապետյան, համանախագահների հաղորդագրության մեջ խոսվում է ժամանակացույցին համապատասխան քննարկման մասին։ Այս ժամանակացույցը ակնարկ է խնդրի լուծման փուլայի՞ն տարբերակի։

- Հիմա բանակցություններում ներգրավված երկու կողմերն էլ որոշակի ժամկետային ակնկալիքներ եւ պահանջներ ունեն։ Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մենք ակնկալում ենք հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ժամանակացույց, ակնկալում ենք սկբունքներ կամ ժամանակային որոշակի ընկալումներ, թե երբ է ի վերջո հստակեցվելու Արցախի կարգավիճակը։ Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն ակնկալում է զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Այս ամենը քննարկման առարկա է, բայց եթե խոսում ենք փուլային տարբերակի մասին, ապա այս պահին առնվազն երկու փուլ է տեսանելի՝ բանակցային միջավայրի վերականգնման եւ բուն բանակցությունների։

Բուն բակացությունների փուլում կոնֆլիկտի հաղթահարման ինչպիսի՞ լուծումներ կորդեգրվեն, դրանք կլինեն մեկ հանդիպման ընթացքում այսպես կոչված փաթեթայի՞նը, թե՞ կլինեն փուլ առ փուլ՝ խոշոր հաշվով քննարկման հարց է, թեեւ թերահավատորեն եմ վերաբերում, որ այդպիսի փուլային կարգավորման՝ բուն առեւտրական բանակցությունների տարբերակը որեւէ կերպ կարող է արյդունավետ լինել կամ բխել հայկական երկու պետությունների միասնական շահերից։

- Ադրբեջանն այս մեկ ամսում երեք անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների միջնորդությամբ։ Ալիեւն էլ բազմիցս հայտարարեց, որ գնալու է մինչեւ վերջ, Ադրբեջանի պատկերացնումներում էլ այդ վերջը, ինչպես արձանագրեց վարչապետ Փաշինյանը, Արցախի կապիտուլյացիան է։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ըստ էության շարունակում է հրթիռահրետակոծութուններն ու հարձակումները, ի՞նչ իմաստ ունեն Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունները։

- Իմ ընկալմամբ՝ երբ Ադրբեջանը տապալում է համանախագահող երեք երկրների ջանքերը, դրան պետք է հետեւի պատժի մեխանիզմ։ Ինչպիսին դա կլինի՝ գործիքակազմը բազմազան է, ամենաէականն այն է, որ աշխարհի տարբեր բեւեռներ եւ տարբեր շահեր ներկայացնող համանախագահներն ունենան կոնսենսուս, որ այդպես լինել չի կարող։ Այդ կոնսենսուսի առկայության պարագայում պատժի հազարավոր մեխանիզմներ կան՝ սկսած նրանից, որ կարող են միակողմանիորեն ճանաչել Արցախի կարգավիճակը, վերջացրած, որ կարող են մեր զինված ուժերին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը բեկում կմտցնի, եւ խոսքը զինված ներկայության մասին չէ, այլ, պայմանականորեն, տեղեկությունների տրամադրման մասին է։

- Կոնկրետ վաղը ի՞նչ պիտի քննարկի Հայաստանն այս հռետորաբանությունը որդեգրած Ադրբեջանի հետ։ 

- «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումն էականորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք որդեգրված են բանակցային գործընթացում։ Նախ, մենք պնդում ենք, որ տարածքների հարցը պետք է առանձնացված լինի կարգավիճակի հարցից՝ այն նկատառմամբ, որ ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը կայացվել է գոյաբանական սպառնալիքի պայմաններում, երբ այդպիսի որոշում չկայացնելը ուղիղ նշանակելու էր ֆիզիկական գոյության ոչնչացում։ Աշխարհի ցանկացած պետություն իր անկախությունը հռչակել է որեւէ այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ մեկը դրա հետ համաձայն չի եղել, եւ հասել են անկախության։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա բոլոր պետություններն ունեն խրթին պայմաններում անկախանալու ինչ-ինչ պատմություն, եւ նրանց այդ իրավունքը ճանաչվել է։ Ի՞նչ պիտի զիջի Արցախը կամ Հայաստանը, որպեսզի այդ իրավունքը ճանաչվի։ Բնական իրավունքը արդյոք միջազգային հանրությունը դարձնում է սակարկության եւ առեւտրի առարկա՞։ Երբ խոսվում է այլ պետությունների տարածքային ամբողջականության մասին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, նրանք ունեն իրավունք՝ իրենց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու, իրենք ի՞նչ են զիջում, որ այդ իրավունքը ճանաչվի, չէ՞ որ խոսքը բնական իրավունքի մասին է։

Հիմա տարածքներ կան կամ չկան, ենթադրենք՝ պատերազմն ավարտվել էր այնպես, որ վիճելի տարածքներ գոյություն չունեին, այդ իրավիճակում ի՞նչ էր լինելու, ի՞նչ պիտի զիջեինք, որ մեր իրավունքը ճանաչվեր։ Իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում, եւ ես կարծում եմ՝ դա բխում է հենց այն արժեքներից, որոնք սերմանում են միջազգային հարաբերությունների այդ դերակատարները։ Իրավունքները կամ լինում են կամ չեն լինում, դրանք սակարկության կամ առեւտրի առարկա չեն։ Եւ ճանաչման հարցը կապել տարածքների վերադարձի հետ՝ կտրականապես ոչ արժեքային, ոչ սկզբունքային մոտեցում է, չի համապատասխանում այդ պետությունների քարոզած արժեքներին։ Հայաստանն այս հարցերը պիտի պնդի։ 

Միջազգային անվտանգության եւ կայունության համար չարիք է վիճակը, երբ որեւէ կողմ ունի հստակ երաշխիքներ, որ եթե ինքը հարձակվի ու նույնիսկ կորցնի տարածքներ, տարածքային ամբողջականությունը պատճառ բերելով՝ այդ տարածքները հետ կստանա։ Սկզբունքը, որ հարձակվողը, անկախ տարածքային կորուստներից, պիտի հետ ստանա դրանք, դառնում է խրախուսանքի մեխանիզմ՝ այդ արարքը կրկնելու համար։

Աշխարհում ցանկացած հարաբերություններում երկու սուբյեկտի մեջ գոյություն ունեն պատժի եւ խրախուսանքի մեխանիզմներ, եթե արարքը չի պատժվում, ըստ էության, նշանակում է, որ խրախուսվում է։ Այս կոնֆլիկտը լուծելիս պետք է այնպես լուծել, որ հստակ արձանագրվի, թե պատժի ինչպիսի մեխանիզմ ներդրվեց իր ճակատագիրը տնօրինել փորձող ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ արդեն երրորդ ագրեսիայի համար, հակառակ դեպքում՝ կասկածելի է, որ այս տարածաշրջանում կայնություն կլինի, իսկ աշխարհի նոր կետերում կոնֆլիկտների ծագումն այդ փաստարկով չի բացառվում։

- Դուք Ձեր հրապարակումներից մեկում շեշտել եք՝ Հայաստանի՝ բանակցային հին տրամաբանությանը վերադառնալը ճակատագրական սխալ կլինի ներկա իրավիճակում եւ կհանգեցնի նոր պատերազմի։ Հիմա մեր բանակցային դիրքերն այնպիսին են, ինչպիսին այս մարտական գործողություններից առա՞ջ։ Եթե ամփոփ՝ մենք ի՞նչ թեզերով պիտի խոսենք բանակցություններում։ 

- Մենք բանակցային դիրքերի փոփոխություններ ենք ունեցել․ դրանք էական մասով դրական փոփոխություններ են, որոշ մասերում՝ բացասական։ Բացասականն այն է, որ մեր հանրության համար այս պահին ծանր է ասել՝ ինչքան պետք լինի՝ այդքան կպատերազմենք, հետեւաբար շուտափույթ խաղաղության հաստատման մեր հակումը մեծ է։ Այլ հարց է, որ Ալիեւն ու իր վարչակազմը թքած ունեն իրենց քաղաքացիների կյանքի ու ճակատագրի վրա ու հայտարարում են՝ ինչքան պետք լինի՝ կպատերազմեն։ Մեզ համար մեր քաղաքացիների կյանքը թանկ է, եւ դա մեր մեջ սերմանում է ձգտում՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու։ Բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւս հայտնել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Հաշվի առնելով, որ մեր հակառակորդը ծայրահեղական ու մաքսիմալիստական ձգտումներով Ադրբեջանն է, սա կարելի է դիրքերի որոշակի վատթարացում համարել, բայց եթե մենք ապրեինք նորմալ աշխարհում եւ գոնե թշնամու հարցում մեր բախտը մի քիչ բերած լիներ, չեմ կարծում, թե շատ վատ է, երբ կողմերը ձգտում են շուտափույթ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու։

Մյուս կողմից՝ աշխարհի տարբեր սուբյեկտներ էականորեն փոխել են իրենց մոտեցումն Արցախի կարգավիճակի մասով․ եթե առաջ կտրականապես կմերժեին կարգավիճակի ճանաչման որեւէ հեռանկար, այսօր դա այդպես չէ։ Մեր դիքրերը բարելավվել են, որ կողմերը հասակցել են, որ առանց պատժիչ մեխանիզմների՝ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ քաղաքականություն է վարելու, անընդհատ խուսափելու է բանակցային գործընթացից, կողմերը հստակ հասկացել են այն վտանգները, որոնք կարող են լինել Թուրքիայի՝ այս տարածաշրջանում ապակայունարար գործառույթ իրականացնելու բերումով, եւ այլ շատ փաստարկներ, թե ինչու են մեր դիվանագիտական դիրքերը բարելավվել։ Սրանից կարելի է լավագույնս օգտվել՝ հաշվի առնելով, որ մենք չենք պատերազմում մի սուբյեկտի հետ, որը հակված է կանոններ պահելու, այլ որը բոլոր հնարավոր կանոնները խախտում է, բոլոր հնարավոր պայմանավորվածությունները ձախողում է եւ միշտ հակում ունի ապակայունացում մտցնելու։ Հետւաբար, նրա նկատմամբ պատժիչ մեխանիզմների ներդրումը հրամանայական է, եւ այս առումով մենք կարող ենք ունենալ առավել արմատական դիրքավորում։

- Իսկ այդ դիրքավորման ամրապնդման համար Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախը կամ հստակ դնի միացման հարցը։

- Ըստ իս՝ չի կարելի առանց Արցախի կարգավիճակի առումով հստակություն մտցնելու՝ վերադառնալ բանակցությունների։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարող, դիվանագիտական շրջանակներում կան խոսակցություններ այս մասին, ե՛ի միացման, ե՛ւ ճանաչման տարբերակներն ունեն լավ փաստարկներ, ռիսկերի մասին եւս ուժեղ փաստարկներ կան, բայց, կարծում եմ, այս երկու տարբերակները մի կողմում ավելի լավ են, քան հին վիճակին վերադառնալը՝ մյուս կողմում։ Մենք պիտի կարողանանք դասեր քաղել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, ինչն այն մասին է, որ երբ բանակցային սեղանին փաստարկ ես դնում, որ դու պատաստ ես տարածքային զիջումների, եւ Ադրբեջանը չի բերում հակադարձ պնդում, որ ինքն էլ պատրաստ է Արցախի՝ իրենից դուրս որեւէ կարգավիճակ հանդուրժելու, բանակցային գործընթացը հանգում է նոր պատերազմի։ Վարչապետն ուղիղ ասել է, որ այս պատերազմը հնարավոր կլիներ կանխել հինգ շրջանների՝ առանց որեւէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, առանց որեւէ նախապայմանի, երաշխիքի ու փոխադարձ ինչ-որ բան ստանալու։ Վերադարձ բանակցային սեղան՝ նույն այդ խոսքերով, հաջորդ պատերազմը սնելու ճանապարհն է։

Հայարփի Բաղդասարյան