Քանի որ հակառակորդի հարձակողական բռունցքները ջարդված են, և բլից-կրիգը տապալված է, հիմա նրանք կարծես թե անցնում են ավելի առանձին խայթոցների, առանձին ուղղություններով դիվերսիոն գործողությունների և որոշ տեղամասերում` մարտավարական մակարդակի հարձակողական ներուժի պահպանմանը:  Այս մասին երեկ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման եթերում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ռազմական գործի մեջ ընդհանրապես այսպես է. երբ փորձում ես հարձակում իրականացնել, քո պոտենցիալը մաքսիմում աշխատում ես մի փուլում կիրառել, որ ջարդես պաշտպանությունն անդառնալիորեն ու անցնես: Երբ դա չի ստացվում, պարզ է` երկրորդ, երրորդ կամ չորրորդ փուլերի ժամանակ առաջին փուլի խտությունը չես կարող ապահովել. այդքան միջոց, մարդ չկա: Այն հարաբերակցությունը, որն առաջին օրերին կար, որին փաստացի մեր ԶՈՒ-ն դիմակայեց փայլուն կերպով, այլևս չկա»,- նշեց նա: 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը մոբիլիզացիա, վերախմբավորումներ է կատարում,  հասկանում հակառակորդի մտահղացումը, սխալները շտկում, և հիմա հակառակորդը նույն թափն այլևս չի կարող ապահովել:  Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեր օդային պաշտպանության իրավիճակը զգալիորեն փոխվել է:

«Դա հեռու է հիանալի լինելուց, բայց վերջին օրերին գրեթե օր չկա, որ մեկ-երկու և շատ կարևոր, բարդ ԱԹՍ-ներ չխոցվեն, ընդ որում՝ ամենատարբեր հատվածներում՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ»,- ասաց նա։

Անդրադառնալով առաջնագծի իրավիճակին՝ Հովհաննիսյանը նշեց, որ եղել են շատ բնակավայրեր, որոնք թշնամին կարողացել է գրավել, հետո մեր հրետանին շաբաթներ շարունակ թույլ չի տվել մտնել այդ բնակավայր:

«Եվ երբ այլ տեղերում մեզ մոտ պրոբլեմ է առաջացել, մենք նոր հետ ենք քաշել հրետանին, նրանք մոտեցել, նստել են այդ բնակավայրում: Նույն վիճակը լինելու է Սանասար-Որոտանում, որը մենք հին անունով Կուբաթլու անվանեցինք: Այս պահին այնտեղ որոշակի մարտեր կան, բայց եթե գլոբալ նայենք, մեծ հաշվով կորցրած ենք համարում այս պահին ժամանակավոր: Պատերազմը շատ մանևրային է, արագ է․ դուրս գալը, ներս գալը, գրավելի, զիջելը, հակագրոհելը, հետ վերցնելը շատ արագ կատարվող պրոցեսներ են: Դրա համար մենք անդադար աշխատում ենք մարդկանց բացատրել, որ խուճապ պետք չէ ունենալ»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ ամենակարևոր բանը ցանկացած պատերազմի ժամանակ տարածքի կորուստը չէ․ ամենակարևոր բանը ԶՈՒ մարտունակության և կառավարման պահպանումն է:

«Երբ քո ԶՈՒ-ն մարտունակությունը պահպանում է, ոչնչացված չէ քո ԶՈՒ-ն՝ որպես առանձին ինստիտուտ, և կառավարման համակարգը պահպանված է, այսինքն՝ կառավարման օղակները հստակ մեկը մյուսից աշխատում են, հրահանգն իջնում է, և բոլորն իրենց խնդիրը կատարում են (որոշ տեղերում թերանում են, որոշ տեղերում չեն թերանում. դա էկական չէ), նշանակում է` դու շարունակում ես խնդիրներդ լուծել»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած մենք կորուստ ենք կրել, մասնավորապես, միջին սպայական կազմից, հիմա դասընթացներ են անցկացվում, պահեստազորից, նախկին զինվորականներից համալրումներ են իրականացվում:

«Այսինքն՝ համակարգը շարունակում է աշխատել, իր թերությունները վերացնելով, շտկելով՝ առաջ է գնում: Դրան գումարած՝ մարտերի խտությունը, սաստկությունն ընկել է, այսինքն՝ ավելի հեշտ է դարձել պրոցեսներն իրականացնել: Որովհետև հակառակորդին մեծ հարված է հասցվել` չնայած նրա հաջողություններին որոշ տեղերում, նա առաջվա թափանիվն այլևս չունի»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նոր ռեզերվներ, ահաբեկիչների նոր խմբեր է բերել, բայց վստահեցրեց, որ դա հակառակորդին իրավիճակից չի փրկելու:

«Ի վերջո, այդ կեղծ հաղթանակների շղթան եկավ, ինչ-որ մի տեղ կանգնեց, ու այլևս հնարավոր չէ ամեն օր հորինել, որ նրանք նոր քաղաք են գրավել: Եվ ժողովուրդը նրանց հարց է տալու՝ բա ո՞ւր են նոր քաղաքները, գյուղերը»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նաև խոսեց այն մասին, թե ինչպիսին է զորքի մարտական ոգին։ Նա վստահեցրեց՝ 18-20 ամյա ժամկետայինների մարտական ոգին փայլուն է:

«Ինչ վերաբերում է պահեստազորին, կամավորներին, ինչ-որ մի պահ՝ հատկապես պատերազմի առաջին օրերին, խնդիրներ եղել են, ազնվորեն պիտի ասենք: Այստեղ, բացի բազում այլ խնդիրներից, կա նաև գիտական խնդիրը. երբ մարդը գնում է մի պատերազմ, որն ինքը չի պատկերացրել, իր համար դա անծանոթ պատերազմ է, այլ ֆորմատի, այլ խտության պատերազմ է, ընկնում է քաոսային իրավիճակի մեջ։ 90-ականների պատկերացումով 2020-ին գնում ես պատերազմ, և քո մոտ սկսում է խնդիր առաջանալ: Բարեբախտաբար դա տևել է պատերազմի առաջին մեկ-երկու շաբաթը, դա հարթված է այսօր, և վստահաբար կարող եմ ասել, որ այսօր լրիվ այլ մթնոլորտ է տիրում»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ պահեստազորայինների կամավորականներից շատերը սպասում էին, որ իրենց բոլորի գլխին պետք է լինի միջին օղակի հրամանատար, բայց մենք միջին օղակի հրամանատարական կազմից զգալի կորուստ ենք կրել։

«Հիմա այս խնդիրն էլ է լուծվում։ Մենք բարեբախտաբար այս տարիների ընթացքում, քանի որ մեր բանակը միշտ տոկոսային առումով մեր բնակչության համեմատ մեծ թիվ է կազմել, պահեստազորում միշտ ունեցել ենք մեծաթիվ զորացրված սպաներ, որոնց հիմա տարել, նորից վարժեցնում ենք, դնում ենք հաստիքների, և դա շատ լավ աշխատում է»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում