armenpress.am: Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին.  SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:  

TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և  էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:

Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով: 

SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ 

Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը  հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց:

Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ և լրատվական ագրեգատորներ։