Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ
23:56 - 27 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունը իր հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայում Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրենկ Ռիսթերը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը։ Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի»,- ասել է Ռիսթերը։ 

Իր ելույթի ժամանակ նա շեշտել է, որ «գագաթնաժողովը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ՝ հետագայում իր շահերն ու եվրոպական արժեքները ավելի լավ պաշտպանելու համար»:

Ռիսթերը մատնանշել է, որ Էրդողանի ներկայիս գործողությունները «համապատասխանում են նրա հետապնդած ընթացքին, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը և ամրապնդմանը»:

«Սա, մասնավորապես, Լիբիա զենք մատակարարելու էմբարգոյի խախտման գործողությունների և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների շարունակությունն է, որտեղ նա Ադրբեջանին սատարող վարձկաններ է ուղարկել։ Սա նաև Թուրքիայի ռազմավարության շարունակությունն է Միջերկրական ծովի արևելքում, որտեղ այս երկիրը ձգտում է զարգացնել գազի արդյունահանումը Կիպրոսի և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտիներում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ընթացքի հետ անմիջականորեն կապված է նաև այն փաստը, որ նա չի դատապարտել Կոնֆլան-Սենտ-Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունը։


Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել