Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան
22:32 - 27 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում»,- նշեց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող հաստատել, թե կոնկրետ որ պետության հատուկ ջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի Զինված ուժերում, և Ադրբեջանի ԶՈՒ-ն փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությունը ամենատարբեր՝ տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, փաստ է:

«Պատերազմը շարունակվում է: Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է. մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ նույնիսկ թողնելով որոշակի տեխնիկա: Բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, բարդություն ունի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը:

«Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել