Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|
20:04 - 27 հոկտեմբերի, 2020

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում:  Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: 

Անդրադառնալով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի հարցին՝ Բալայանը նշեց, որ կան արդեն առաջադրված համապատասխան մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ: Օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: «Եվ այս պահի դրությամբ գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,-ասաց փոխնախարարը:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել