Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է․ Արծրուն Հովհաննիսյան
22:57 - 26 հոկտեմբերի, 2020

Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամերիկյան բլոգներից մեկը, կարծեմ, հրապարակեց ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին Ադրբեջանի օդանավակայանում կայանված թուրքական F16-երը: Մենք ունենք ապացույցներ և տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են F16-երը կոնկրետ զենքեր կիրառել, գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքումա ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Խոսելով ադրբեջանական կողմի սպառնալիքների մասին, վերջինս հայտնեց,որ հայկական կողմը դրանցից չի  զարմանում և չի  վախենում: Ադրբեջանի սպառնալիքները տեսնում ենք արդեն մոտ մեկ ամիս և գործողություններն ենք տեսնում: 

«Երեք մայրաքաղաքներում փորձեցին հաստատել հրադադար: Երեք մայրաքաղաքներից հրադադար չհաստատելու փորձերից հետո շատ հստակ գնահատականներ են հնչել մինչև այդ պայմանավորվածությունները և պայմանավորվածություններից հետո: Եվ հասցեական նշել են` ով չի ուզում հաստատել, և ով է խախտում»,- խոսելով հրադադարի մասին ասաց ՊՆ ներկայացուցիչը: 

Անդրադառնալով հայկական արտադրության ԱԹՍ-ներին Հովհաննիսյանը շեշտեց, որ ցավոք, դրանց կիրառությունը քանակապես մեծ չէ, բայց նրանք ունեն իրենց դերակատարությունը: Եվ հայկական միտքն այս ուղղությամբ շարունակում է աշխատել: 

«Հետախուզությունը հետևում է ռադիոտեխնիկական և այլ հետախուզության միջոցներով: Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է: Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին,  ինչքան էլ որոշ տեղերում ստիպված ենք լինում, օրինակ, նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել շատ հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ (8-ից 10 անգամ, 10-ից 12 անգամ` որոշ տեղերում, ավել ուժեր են կանգնած մեր զորքերի դիմաց)»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս ընդգծեց, որ հրամանատարությունը վճռական է, քաջ է և գործողություններին տիրապետում է մինչև վերջ: Հովհաննիսյանի խոսքով՝  հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը, հարձակման հետմղումը և զրահատեխնիկայի խոցումը: Նման դեպքերը հարյուրավոր են: 

«Զորահավաքն ընթանում է բնականոն հունով, նոր ձևավորվող  ստորաբաժանումներն անցնում են համապատասխան մարտական պատրաստություն, ներդաշնակման փուլ, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն: Եվ քանի որ որոշ տեղերում վիճակը լինում է ծանր, դժվար մարտեր են ընթանում, ինչ-որ տեղերում հերափոխ չի կարող կատարվել: Ինչ-որ տեղերում, որտեղ համեմատաբար հանգիստ է, հարձակումները շատ չեն, հերթափոխներն ընթանում են բնականոն հունով:

Բացի դրանից` առավել մարտունակ ստորաբաժանումները, առավել պատրաստված, հաճախ փորձված, որոշ մարտական գործողություններով արդեն անցած ստորաբաժանումները հանվում են, վերախմբավորվում են, տարվում են ավելի կարևոր ուղղություններ: Սա բնական պրոցես է պատերազմի ընթացքում»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել