Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան
22:32 - 26 հոկտեմբերի, 2020

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: 

«Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել,  բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: 

Նույն ժամանակ նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են.  Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը: 

Վերջինս հայտնեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ:

«Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնսիկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին:  Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ։ Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը, հակատանկային միջոցը ձեռքին, տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Հոհհաննիսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել