Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի․ Արծրուն Հովհաննիսյան
23:03 - 23 հոկտեմբերի, 2020

Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի:

«Եթե այդ կարիքն առաջանում է հընթացս, ապա հընթացս էլ լուծվում է ԶՈՒ մատակարարման և ծառայությունների միջոցով: Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունը համակարգելու համար կան համապատասխան հասցեներ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ երբ նշում են, որ իրավիճակը ծանր է, այստեղ լարված է և այլն, հենց խոսում է այն մասին, որ մենք նկարագրում ենք իրավիճակը ռազմաճակատի տարբեր հատվածներում:

«Նշում ենք ուղղությունները, նշում ենք, որ հյուսիսում կամ հարավում հարաբերական հանգիստ է, մյուս ուղղությամբ, օրինակ, ավելի ծանր է: Ես հասկանում եմ, որ բոլորդ ցանկություն ունեք ավելի շատ իմանալու: Մենք, բարեբախտաբար, ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ: Հայկական լրատվական տիրույթի որևէ արգելանք գոյություն չունի՝ բացառությամբ ադրբեջանական կայքերի, որոնք ուղղորդված, պատերազմական կանոնների համաձայն, տեղեկություններ էին տարածում մեր հանրության համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ գիտեն, որ շատերի պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան ամեն մի գյուղի, դիրքի, կամրջի, գետի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություն ստանալու ցանկություն:

«Բայց պատերազմի ժամանակ այնքան էլ տեղին չեն նման պահանջմունքները, մենք հստակ իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը՝ ծանր ձևով: Բայց պատերազմի դինամիկան շատ մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, հետևաբար պետք չեն ոչ բացարձակ մեծ էյֆորիան, ոչ էլ ընկճվածությունը, որ դրսևորում են հատկապես համացանցում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել