Մենք վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող- խմբ.), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտեզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ:

Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- նշեց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ րոպեներ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ ևս կատարվել է, ամենայն հավանականությամբ, հրթիռակոծում, մի քանի միավոր հրթիռ է արձակվել:

«Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը, մեծ հաշվով, ռազմաճակատի տարբեր հատվածներում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել կամ վրեժը խաղաղ բնակիչներից: Այսօր արդեն երրորդ-չորրորդ դեպքն է, ինչ Արցախի խաղաղ բնակիչների վրա կիրառվում են հիմնականում հրետանային միջոցներ»,- հավելեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ:

«Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է»,- ընդգծեց նա։