Պատերազմական դրության պայմաններում զորակոչված քաղաքացիները կամ նրանք, ովքեր դիմել են կամավորագրվելու և զինվորական կոմիսարիատների միջոցով ռազմաճակատ են մեկնել, վարձատրություն կստանան որպես զինվորական՝ այն օրերի համար, որոնք անցկացնում են ծառայության մեջ։ Նրանց ֆինանսական հատուցման խնդիրն այսպես, թե այնպես օրենքով լուծվում է։ Այս մասին ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»՝ անդրադառնալով աշխատանքը թողած ու հայրենիքի սահմանների պաշտպանության համար առաջնագիծ մեկնած հայորդիների սոցիալական երաշխիքների խնդիրներին։

Ինչ վերաբերում է սեփական նախաձեռնությամբ և առանց զինկոմիսարիատ դիմելու ռազմաճակատ մեկնած կամավորականներին, ապա Թունյանը պարզաբանեց, որ նախ պետք է հասկանալ, թե քանի հոգի են, ովքեր են, այս պահին պետությունն ինֆորմացիա չունի և չի էլ կարող ունենալ և երբ ժամանակը գա կառավարությունն այդ ինֆորմացիան կճշտի և ըստ նպատակահարմարության կորոշի, թե ինչ պետք է անել։ Այդուհանդերձ՝ Թունյանն ընդգծեց, որ ճիշտ տարբերակը կազմակերպված, զինվորական կոմիսարիատների միջոցով գնալն է։

«Ովքեր որ գնում են զինկոմիսարիատների միջոցով, համարվում են զինվորական ըստ իրենց կոչումի, քաղաքացիական ստաժի, վարձատրվում են»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ օրենքով միշտ այդպես է եղել։

Թունյանը հայտնեց, որ զինկոմիսարիատի միջոցով մեկնողները մեծամասնություն են կազմում և կապ չունի՝ զինկոմիսարիատից են կանչում, թե իրենք են դիմում, համարվում են պահեստազորի մաս և վարձատրվում են։

Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։