Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․

«Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։

«Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։

«Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այս մարտավարությունը փորձելու է շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։

«Փորձելու են առաջ գալ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների աջակցության, առանց լուրջ ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում իրենց չեզոքացումը»,- ասաց նա։