ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա
19:48 - 22 հոկտեմբերի, 2020

ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

Ռուսաստանը և Իրանն ունեն նույն մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հիմնական հարցերում, մասնավորապես՝ այն հարցում, որ հրադադարի ռեժիմն այլընտրանք չունի: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։

«Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարները բազմիցս քննարկել են Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի սրացման թեման։ Մենք նշում ենք, որ կողմերի դիրքորոշումները համընկնում են իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս փուլում ամենակարևոր հարցում, որ զինադադարին այլընտրանք չունի, և պետք է սկսվի բանակցային գործընթաց։ Մենք գիտենք, որ Թեհրանում աջակցում և բարձր են գնահատում Ռուսաստանի համապատասխան ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասել է նա։

Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Թեհրանի հետ և իր աշխատանքում հաշվի կառնի Իրանի գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները:

«Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարևոր է հակամարտության կողմերի համար»,- ասել է Զախարովան։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել