Հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Նիկոլ Փաշինյան
18:01 - 21 հոկտեմբերի, 2020

Հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Նիկոլ Փաշինյան

Առաջնագծում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն. մեր դիտարկումները ցույց ենք տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այո՛, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում:  Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, ոչ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով․ հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմիններն ի վերջո հավաքվեն, խնամվեն, և պատշաճ ձևով հուղարկավորություն արվի: Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը վախենում է երկու բանից։

«Առաջինը մեկ տասնյակ հազարի հասնող դիակներն են։ Ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ կան, մեր հաշվարկենորվ՝ միլիարդ ու կեսի հասնող, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական «Բայրաքթարներ»: Երկրորդն էլ այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն կոնկրետ վարձկանների դիակներ և նաև թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտեց, որ հայ ժողովուրդն այսօր ընդամենը պիտի կրկնենի իր պատմության ոչ թե աղետալի, այլ հերոսական հատվածը: Որովհետև 90-ականներին` Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, վիճակը շատ ավելի հուսահատ էր, բարդ էր,  թվում էր, թե ոչ մի լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: Եվ այսօր էլ կան այդ մարդիկ, բայց այդ մարդկանց կողքին պետք է կանգնել և կանգնել պինդ: 

«Մեզնից յուրաքանչյուրը, ով այս գործին նվիրվում է, պետք է զինվորական երդման տրամաբանությամբ գործի. անվերապահորեն կատարել հրամանները և անվերապահորեն կատարել հրամանատարության խնդիրը, ինչքան էլ այդ խնդրի կատարումը լինի դժվար:  Ամուր կանգնել, այնտեղ, որտեղ հրաման կլինի առաջ գնալ, առաջ գնալ և լուծել խնդիրը:

Հիմա դուք կասեք, որ 90-ականները չեն: Ավելի լավ, որ 90-ականները չեն, որովհետև 30 տարի մենք մեր պրոբլեմները մեր մեջ գիտակցել ենք, հասկացել ենք, վերլուծել ենք և եկել ենք լուծելու այդ բոլոր պրոբլեմները մի փաթեթով, մի գործողությամբ: Սա մեր վերջին 30 տարիների պրոբլեմների հանգուցալուծումը չպիտի լինի, սա մեր վերջին 500 տարիների պրոբլեմների հանգուցալուծումը պետք է լինի:

Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ դու պետք է գործես, որովհետև գործելու ժամանակն է»,- եզրափակեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել