Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան
00:27 - 21 հոկտեմբերի, 2020

Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք։ Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Այսօր որոշակի տեղաշարժ է եղել։ Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց այսօր օպերացիայի ընթացքում նույնիսկ խոսել եմ հրամանատարներից ոմանց հետ, որոնք այդ պահին գնում էին առաջ ու անցել էին հակահարձակման։ Թե ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները աշխարհի այս կամ այն կետում, այսօր կիրառվում է Արցախում։

«Դրանք ամենավերջին ԱԹՍ-ներն են, գերճշգրիտ հրթիռներն են, կապի համակարգերն են։ Տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ, ճիշտ է, ամբողջ գործիքակազմը 5-րդ սերնդի չէ ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից, բայց իրենց կողմից բարձր տեխնոլոգիական սեգմենտի վրա մեծ ուշադրություն է դարձվել, որոնց առումով իրենք միշտ են ունեցել առավելություն։ Բայց միայն դա հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ասել է, որ հակառակորդի հզոր հարձակողական բռունցքները կազմված էին 10․000-ից ավելի մեծ զորախմբերից, միգուցե 20․000-անոց զորախմբերից։

«Ամեն մի բռունցքի մեջ կար մի քանի հազար հատուկ գրոհային, կար 100-ից ավել տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, կար 200ից, 300-ից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ՝ սմերչ, պոլոնեզ և այլն։ Եվ այս բռունցքները դասական ամրաշինկաան կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը՝ առաջին երկու խրամատները, չկարողացան հաղթահարել, ճեղքում ապահովել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ 5-7 օր հակառակորդի մոտ չէր ստացվում ճեղքում ապահովել, փոխեցին մարտավարությունը։

«Ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին, տարան մեկ հատված՝ հարավ: Ճեղքման տեղամասերում 12 անգամ առավելություն ունեն, ռազմի պատմությունը նման բան չգիտի կամ շատ եզակի դեպքեր կան։ 12 անգամ մեծ ուժը 7-րդ, 8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում․ օրական միջինը 1-2 կմ են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին առաջին հարվածը հասցրել են ՀՕՊ-ի կետերին և կառավարման կետերին։

«Գրագետ հարված են հասցրել, բայց իդեալական չեն կարողացել իրականացնել։ Կոնկրետ կառավարման համակարգին գրեթե վնաս չեն կարողացել պատճառել կամ չնչին վնաս են հասցրել մարտավարական մակարդակում։ Բայց ՊԲ կառավարման համակարգի ամբողջության մեջ չեն կարողացել վնասել, ՀՕՊ-ին էլ հասցրել են մասնակի վնաս։ Առաջին հարվածային ալիքի ժամանակ օդում եղել է մոտ 1000 միավոր ԱԹՍ, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ, ճշգրիտ հրթռներ, ավիացիոն միջոցներ»,- հավելել է նա։

Հովհաննիսյանը, պատասխանելով հյուսիսային ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ հարցին, պատմել է, որ շաբաթ առաջ հյուսիսային կողմում մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ և չկարողացան ճեղքել․ հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-300 դիակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել