Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից
 |armenpress.am|
14:30 - 20 հոկտեմբերի, 2020

Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպած քաղաքացիների տպավորությամբ՝ Արցախի խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է: Քաղաքացիներն այս մասին ասացին դեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրեա Վիկտորինի հետ հանդիպել էին ակտիվիստներ Արմինե Մելքոնյանը, Արսեն Վարդանյանն ու Անահիտ Բախշյանը: Դեսպանը, սակայն, չի թույլատրել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկա լինեն հանդիպմանը:

«Պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի տարաձայնություններ եղան տերմինների, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Արմինե Մելքոնյանը:

Քաղաքացիները դեսպանին ցույց են տվել նկարներ, թե ադրբեջանական կողմն ինչպես է վարվում հայ գերիների, զոհերի հետ: Դեսպանն ասել է, որ ծանոթ է ամեն ինչին մանրամասն, տեղեկացրել է նաև, որ այդ բոլորը ներկայացրել են Բրյուսել: Նա նաև հույս է հայտնել, որ կհնչի գնահատական:

«Նա նշել իր համակրանքը հայերի նկատմամբ: Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր: Սա տեսանելի էր»,-ասաց Մելքոնյանը:

Դեսպանը նշել է նաև, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու, մշակութային արժեքների ավերման համար: Դեսպանը, սակայն, հիշեցրել է, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում: Ավելի քան 20 երկրներն են վերջնական գնահատականը հնչեցնելու: Նա ասել է, որ իրենցից հիմա կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական:

Արսեն Վարդանյանն էլ նշեց, որ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց այնուամենայնիվ, նա պնդել է ԵՄ-ի տեսակետը: «Շեշտվել է տարածքային ամբողջականության թեման: Բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ երկրներ, հռչակել են իրենց անկախությունը, այնպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Եվ հիմա դրա համար լավագույն ժամանակաշրջանն է: Տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհրդային միության փլուզված տարածքի վրա»,-ասաց նա:

Ռազմական հանցագործությանը վերաբերվող բոլոր կադրերը, երևույթները և փաստերը Եվրոպայում ֆիքսվում են, միջազգային կառույցները, փաստահավաք խմբերը դրանք մշակում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ռազմական դատարանում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն: Քաղաքացիները խնդրել են զեկույցում նշել, որ Ադրբեջանն Արցախը համարում է միայն տարածք՝ առանց հայ բնակչության: Իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից է: Նրանք նաև շեշտել են, որ Արցախի հարցը ունի միայն մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել