Դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով
13:50 - 20 հոկտեմբերի, 2020

Դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 20-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է փոփոխել օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծի կյանքի կոչվելու արդյունքում դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթին, որով կարգավորվում են ավանդատու-բանկ իրավահարաբերությունները:

Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ Կառավարության «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:

Հանձնաժողովը քվեարկությամբ կողմ է արտահայտվել «2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ազգային ժողով ներկայացված կոլեկտիվ Հանրագրի պատասխանը հաստատելու մասին» հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել