Քողարկող ցանցեր`բանակի համար. «Արեգնազան» կրթահամալիրը, մարտական գործողությունների սկսվելուց ի վեր, վերածվել է արհեստանոցի
22:49 - 19 հոկտեմբերի, 2020

Քողարկող ցանցեր`բանակի համար. «Արեգնազան» կրթահամալիրը, մարտական գործողությունների սկսվելուց ի վեր, վերածվել է արհեստանոցի

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում մարտական գործողությունների առաջին օրվանից կամավոր ծնողները և ուսուցիչները բանակի համար քողարկող ցանցեր են գործում և պաշտպանության նախարարության միջոցով ուղարկում առաջնագիծ:

Լուսինե Ազարյանը, որի երեխաները սովորում են «Արեգնազան»-ում, մի քանի օր է, ձեռքից ցած չի դնում հեռախոսը: Նա պատասխանում է իրենց միանալ ցանկացող կամավորների զանգերին, ուղղորդում, թե ինչով կարող ենք օգտակար լինել:

Աշխատանքը սկսվել է այսպես․ «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտներից մի քանիսի ծնողները որոշել են քողարկող ցանցեր հյուսել բանակի համար, դիմել են դպրոցի տնօրենությանը, տնօրենությունն էլ տրամադրել է դպրոցի տարածքը։

Նախաձեռնողներն ընթացքում որոշել են ավելի շատ մարդկանց ներգրավել, քանի որ աշխատանքը մեծ է և ժամանակատար։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս  օրերին փորձում են օգտակար լինել, բայց չգիտեն՝ ինչպես։ Նախաձեռնողները նաև փորձում են օգնել այդ մարդկանց և ներգրավել իրենց աշխատանքներում։

Ցանցերի հյուսումն իրականացվում է մի քանի փուլով․ նախ գտնում են զինվորական համազգեստ արտադրող գործարաններ, այդ գործարաններից համազգեստներ կարելու համար օգտագործված կտորների ավելցուկները բերում են Երևան։ Այստեղ կտորները տեսակավորում են, մշակում, որից հետո հյուսում են ցանցերին։

 

Կամավորները քողարկող ցանց են հյուսում

 

Ցանցերի համար կտորներ ստանում են մի քանի գործարաններից։

«Մասիսի «Գարուն»  գործարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, գնում ենք, այնտեղից ենք վերցնում, Իջևանից մեզ ահագին կտոր ուղարկեցին: Ով որտեղից կարողանում է, ինչ կարողանում է, պեղում է։ Ցանցեր են բերում, եթե ցանցերը սպիտակ են լինում, ոչ թե կանաչ, «Սելենա սերվիս»-ի մեր ընկերները ներկում են։ Մի խոսքով, ով ինչ կարողանում է, անում է»,- պատմում է Լուսինե Ազարյանը:

 

Կտորները տեսակավորվում  և մշակվում են

 

Այսօրվանից աշխատանքին միացել են նաև դպրոցի աշակերտների հայրերը, որոնք իրենց մեքենաներով տարբեր մարզերի գործարաններից կտորները հասցնում են դպրոց։ 

Նախաձեռնության համակարգողներից մեկը համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, որպեսզի գործը արդյունավետ լինի։ Նախ սովորել են, թե ինչպես է պետք ճիշտ գործել ցանցերը, հետո սկսել են աշխատանքները։

 

Կտորները հյուսվում են ցանցերին

 

Ցանցերը հյուսում են ոչ միայն «Արեգնազան»-ում։ Այլ դպրոցներից էլ են կամավորներ գալիս, սովորում գործելու սկզբունքը և իրենց դպրոցներում ինքնակազմակերպվելով՝ մասնկացում աշխատանքին։

Նախաձեռնությանը միացած դպրոցների թիվն այս պահին մոտ 15 է, բայց կամավոր դպրոցները գնալով ավելանում են։

 

Կամավորներն աշխատում են դպրոցի մի քանի սենյակներում

 

«Արեգնազան»-ի մասնաճյուղերից մեկի երկու հարկը տրամադրված է կամավորական աշխատանքներին։ Կամավորներն աշխատում են խմբերով: Ամեն մեկն իր աշխատանքը լավ գիտի․ կտորները տեսակավորում են, համապատասխան աշխատանքներ անում և ուղարկում ցանց հյուսողներին։ Աշխատում են ամեն օր՝ 10։00-ից 20։00-ն։ Իսկ նրանք, ովքեր չեն հասցնում օրվա ընթացքոմ գալ դպրոց, կամավորներից սովորում են աշխատելու եղականակը և տնից օգնում:

Բոլոր կամավորները դիմակներով են, պահպանում են հակահամաճարակային կանոնները, քանի որ գիտակցում են՝ այս պայմաններում անհրաժեշտ է օգնել, ոչ թե մի նոր հոգս ավելացնել։ 

 

Ութերորդ դասարանցիները հյուրասիրում են կամավորներին

 

Դպրոցում նաև չեն մոռանում հոգալ կամավորների մասին։ Ութերորդ դասարանցիները պատմում են, որ այստեղ են՝ կամավորներին քաղցրավենիք, սուրճ ու թեյ հյուրասիրելու համար։

Լուսինե Ազարյանը նշում է, որ աշխատանք շատ կա անելու, պահանջարկն էլ անվերջանալի է, որովհետև քողարկող  ցանցերը զինվորների կյանքի և զինտեխնիկայի ապահովության համար են։

 

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել