Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|
16:09 - 19 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am:  Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփն «Անադոլու» գործակալության հետ զրույցում ընդգծել է, որ «ոչ միայն Թուրքիան, այլև 83 մլն թուրք ժողովուրդը սատարում են Ադրբեջանին իր սրբազան պայքարում»:

Նրա համոզմամբ, «ակնհայտ դարձավ, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը լոկ խոսքեր չեն, այլ աշխարհում նմանը չունեցող դաշինք»:

«Մենք Ադրբեջանի կողքին ենք, քանի որ նրա պայքարն արդար է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանից անջատ չի եղել: Ղարաբաղը Ադրբեջանի հողն է», - հայտարարել է Շենթոփը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը:

Կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած պնդումը, Շենթոփը ևս հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սպառազինում են Հայաստանին»:

«Այս երկրների ստանձնած պարտավորությունը հարցի արդարացի լուծումն է: Ահա սա է 30 տարի այն չլուծելու պատճառը: Քանի որ չեն ուզում լուծել», - ասել է թուրքական խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել