ԵՄ-ն դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղում
21:47 - 18 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղում

Եվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները․ ռեժիմն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով հոկտեմբերի 18-ին` 00:00-ից։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, կիրակի օրը հրապարակած հայտարարության մեջ նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի համատեղ հայտարարումը։ Եվրամիությունը դատապարտում է այն փաստը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում և մերձակայքում ռազմական գործողությունների մասին լուրեր կան»,- նշված է Բորելի հայտարարության մեջ։

Վերջինիս խոսքով՝ ինքը քիչ առաջ է հեռախոսազրույց ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` նրանց փոխանցելու, որ զինադադարը պետք է լինի անվերապահ և պետք է խստորեն պահպանվի երկու կողմից:

«Ես նաև շեշտել եմ, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է քաղաքական գործիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել