ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|
18:03 - 18 հոկտեմբերի, 2020

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ:

Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում:

Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ:

«Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:  

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել