Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|
12:59 - 18 հոկտեմբերի, 2020

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Կարծում եմ, եթե այս անգամ հակառակորդը չհարգի միջազգային ջանքերը և կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա 3-րդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը և չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- նշեց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ, եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե նման իրավիճակ չստեղծվեր: Բաբայանը շեշտեց, որ կային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ ու կոշտ ձևով արձագանքել:

«Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ: Խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը:

Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է, կանգուն է անկախ ամեն ինչից: ԱՀ նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ այս զինադադարն իր նպատակին կհասնի, սակայն, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն:

«Բանակը, մեր զինված ուժերը շարունակելու են իրենց պատմական և հերոսական առաքելությունը մեր ժողովրդին ու պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել