Պատերազմական գործողությունների առաջին օրից Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի որոշմամբ ձեւավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։

Բեգլարյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ արդեն երկու միջանկյալ զեկույցներ են ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։ Երեկ ամփոփել են նաեւ մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։ Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել են եւ շարունակում են ուղարկել։ 

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ ունենք եւ 115 վիրավոր։ 36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ եւ թիրախային հարձակման հետեւանքով են եղել այս դեպքերը։ 36 քաղաքացիական զոհերից ութը կին է, մոտ կեսը՝ հիսունից բարձր տարիքի։ Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասը՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։ 

Ինչպես տեղեկացրեց Բեգլարյանը՝ այս ընթացքում Ադրբեջանի հասցրած հարվածներից վնասվել է 7800 անշարժ գույք՝ բնակարան, տուն, խանութ եւ այլն, 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ 1310-ից ավելի ենթակառուցվածքի մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կայանները, ցանցերը, նույնը՝ կապի եւ հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, ինչպես նաեւ տրանսպորտային, ճանապարհատրանսպորտային ոլորտում՝ ներառյալ կամուրջները։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացմամբ՝ այս օրերին ավելի շատ տեղեկություններ են սկսել ստանալ ադրբեջանական սոցցանցերից՝ հայ զինծառայողների դիակների եւ հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութի մասով համապատասխան փորձագիտական աշխատանք են կատարել, եւ ակնհայտ է դարձել, որ դա ամբողջությամբ ճշմարիտ դեպք է, որեւէ կեղծիք չկա՝ ի հեճուկս Ադրբեջանի ՊՆ-ի պնդումների․

«Ցավոք, այնտեղ հայ երկու ռազմագերիների նկատմամբ տեղի է ունենում պատժի կերպով սպանություն, անմարդկային վերաբերմունք։ Նրանցից մեկը 73-ամյա քաղաքացիական անձ էր, պապիկ։ Սա խստագույնս պետք է դատապարտի միջազգային հանրությունն ու հատկապես իրավապաշտպան համայնքը։ Ես ինքս բավարարված չեմ եղած որոշակի արձագանքներով, պիտի ավելի հստակ արձագանքներ լինեն, պիտի առավելագույնս կատարվի՝ այս հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ պատժամիոցներ կիրառելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Նրա համոզմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ արցախցիների՝ վաղուց իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը կարող է լրացուցիչ զսպիչ միջոց դառնալ հետագա իրավախախտումների կանխման ուղղությամբ եւ համապատասխան փոխհատուցող միջոց՝ կրած զրկանքների, մեր տեսած իրավախախտումների համար՝ ե՛ւ վերջին 20 օրվա ընթացքում, ե՛ւ 1988-ից ի վեր։ 

Բեգլարյանի խոսքով՝ հայությունն իր առավելագույնն անում է, բայց միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում։ Հետագա իրավախախտումներն ավելի մեծ պատասխանատվություն են դնելու միջազգային հանրության առջեւ․ արդեն իսկ փաստերն առկա են, որ կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ, եւ ռիսկերն անընդհատ մեծանում են։ 

«Միջազգային հանրությունը պիտի բոլոր հնարավոր ձեւերով միջամտի՝ օր առաջ կանխարգելելու Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողությունները։ Չհաշված, որ Արցախի բնակչությունը մարդասիրական բազմաթիվ կարիքներ ունի, որոնք հայության ուժերով փորձում ենք կարգավորել, ապահովել, բայց եթե այսպես շարունակվի, խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու՝ հաշվի առնելով նաեւ COVID-ի համավարակը»,- շեշտեց ՄԻՊ-ը։

Վերջում նա հայտնեց, որ մեր առողջապահության համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել եւ ցուցաբերում ադրբեջանցի ռազմագերուն, որին վիրահատել էին Արցախում, եւ ինքն էլ պատրաստ է իմ լիազորությունների շրջանակում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը՝ հարկ եղած դեպքում։