Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
20:12 - 17 հոկտեմբերի, 2020

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին և ընդգծել, որ ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ երկկողմ մակարդակով տարբեր շփումների ընթացքում ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով հայկական կողմի հետ համագործակցության ավելի խորացման վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ առողջապահության նախարարության իրականացրած միջոցառումները և ընդգծել, որ նման իրավիճակում կարևոր է նաև միջազգային համագործակցության ակտիվացումը:

Այս համատեքստում նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է  Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ նշված դժվարությունները հաղթահարելու համար։

Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ  օգնություն տրամադրելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել