ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։

Այս մասին են վկայում Բաքվի օդանավակայանից ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» եւ «ԻԼ-76» ինքնաթիռներով դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող եւ հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները։

Վերջին ամիսներին աճել է նաեւ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան

Վերջին ամիսներին, երբ Ադրբեջանն, ըստ էության, պատրաստվել է Արցախի դեմ պատերազմական լայնածավալ գործողությունների, ադրբեջանական այս ընկերությունը առավել ինտենսիվ է դարձրել նաեւ Գերմանիայից եւ Լյուքսեմբուրգից դեպի Բաքու կատարած թռիչքները։

Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին ութ թռիչք է իրականացվել Ֆրանկֆուրտից Բաքու՝ 3-ին, 4-ին, 10-ին, 11-ին՝ երկու անգամ, 17-ին դարձյալ երկու անգամ, եւ 18-ին։ Եւս երկու թռիչք էլ նախատեսվում է 24-ին եւ 25-ին։

Нет описания.

Իսկ Լյուքսեմբուգից Բաքու երեք թռիչք է իրականացվել, մեկն էլ նախատեսվում է հոկտեմբերի 25-ին։

Անցյալ ամիս՝ սեպտեմբերին, երբ սկսեցին արցախա-ադրբեջանական սահմանի լայնածավալ պատերազմական գործողությունները, Silk Way Airlines-ը Ֆրանկֆուրտ-Բաքու չորս թռիչք է իրականցրել, որոնցից մեկը՝ 26-ին, մեկն էլ՝ 27-ին: Լյուքսեմբուրգ-Բաքու չվերթները հինգն են եղել, երկուսը՝ դարձյալ 26-ին ու 27-ին՝ պատերազմական գործողությունների նախորդ եւ առաջին օրերին։

Нет описания.

Ֆրանկֆուրտ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների

Օգոստոսին Ֆրանկֆուրտ-Բաքու հինգ թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ եւս հինգը։ Հուլիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ երկու թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Հունիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ դարձյալ երկու թռիչք, իսկ Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։

Մայիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու երկու՝ երկու թռիչք, ապրիլին՝ հինգ, մարտին թռիչքներ չեն եղել, ֆետրվարին՝ երեք, հունվարին՝ մեկ, արդեն 2019-ի դեկտեմբերին՝ երեք, նոյեմբերին՝ հինգ։

Нет описания.

Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների

Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներ ապրիլին եւ մայիսին չեն եղել, մարտին չորսն են եղել, ֆետրվարին՝ դարձյալ չորսը, հունվարին՝ երեք, 2019-ի դեկտեմբերին ու նոյեմբերին՝ էլի չորսական։ Իսկ ահա օգոստոսին եւ սեպտեմբերին թռիչքները եղել են 5-ական, հոկտեմբերին՝ դեռեւս չորս։

Գերմանիայի տարածքում, նկատենք, ՆԱՏՕ-ի երկու բազաներ են տեղակայված՝ Շպանգդալեմի ավիաբազան եւ Ռամշթայնի բազան, որոնք Ֆրանկֆուրտից եւ Լյուքսեմբուրգից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա են։ Ընդ որում՝ Silk Way ավիաընկերության հաճախորդների թվում են նաեւ գերմանական զինված ուժերը՝ Bundeswehr-ը։ 

Ի դեպ, հոկտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների հինգերորդ օրը, Արցախի ՊԲ-ն հրապարակեց մեր խոցած ԱԹՍ-ների բեկորների լուսանկարներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրեց, որ Ադրբեջանին արցախցի խաղաղ բնակչության դեմ, փաստորեն, կիրառում է նաեւ գերմանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։

Գերմանական Hawker եւ Varta ընկերությունների ԱԹՍ-ների բեկորները

Սակայն դեռեւս հայտնի չէ՝ Ադրբեջանն այս սարքերը երբ է ձեռք բերել եւ արդյոք Գերմանիայի՞ց, թե՞ զենքի սեւ շուկայից։

2018 թվականի հունիսին Գերմանական Stern շաբաթաթերթը հայտնել էր գերմանական Rheinmetall-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցելու ծրագրերի մասին։ Այնուհետ նաեւ Reuters գործակալությունը հրապարակում արեց սրա վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները;

Հավելենք, որ դեռեւս 2017 թվականին բուլղարական Trud պարբերականի աղմկահարույց հետաքննությամբ հայտնի դարձավ, որ Silk Way ընկերությունը դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական եւ լայնամասշտաբ արտահանում ու վաճառք է իրականացրել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո։

Нет описания.

Բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Պարզվել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաների զենք եւ զինամթերք ուղարկելու համար։ Ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին եւ Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։

Հեղինակավոր Trud-ի հոդվածագիրը նշել է նաեւ, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։