Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր
23:19 - 17 հոկտեմբերի, 2020

Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր

Ստորագրահավաք. Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ

 

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի բռնկման առաջին օրերից Կանադայի հայ համայնքը բողոքի ակցիաներ է իրականացնում՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու, Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու կոչերով։

Դեռևս սեպտեմերի 27-ին կանադահայերը դիմել էին Կանադայի կառավարությանը, ներկայացրել իրավիճակը Արցախում և կոչ արել դատապարտել Ադրեջանի ագրեսիան։ Կանադահայերը նաև ստորագրահավաք էին կազմակերպել և կոչ արել Կանադայի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ այդ զենքերն օգտագործվում են Հայաստանի խաղաղ բնակչության դեմ։

Հոկտեմերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային։

Հոկտեմերի 5-ին կանադահայերը բողոքի ակցիա իրականացրին կանադական Բերլինգթոն քաղաքում՝ Թուրքիային զենք վաճառող «Վեսքամ» ընկերության դիմաց։

Նույն օրը Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ Կանադան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, մինչև այդ հարցի շուրջ հետաքննություն կիրականացվի։

 

Կանադայի հայերը՝ «Վեսքամ» ընկերության դիմաց

 

Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը, որը ներկա պահին բնակվում է Կանադայում և ակտիվերոն մասնակցում է տեղի հայ համայնքի բողոքի ակցիաներին, նշում է, որ այս որոշումը հենց այնպես չի կայացվել։

«Կանադայի մեր հնաբնակ հայրենակիցները, որոնք վստահաբար լավ գիտեն կառավարությանը դիմելու ձևերը, անցկացրել են ստորագրահավաքներ, միաժամանակ հազարավոր զանգեր են արել Թրյուդոյի գրասենյակ, կառավարության գրասենյակ` պահանջելով կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչը փաստորեն արվեց»,- ասում է նա: 

Ըստ Մարիամ Մուղդուսյանի, սակայն, միայն զենքի վաճառքը կասեցնելը խնդրի լուծում չէ․ պետք է հասնել նրան, որ այդ վաճառքի գործընթացն առհասարակ չվերականգնվի։

 

Ակցիաներ Մոնրեալում, Տորոնտոյում, Բերլինգթոնում

 

Մարիամ Մուղդուսյանը պատմում է՝ երբ Արցախի Հանրապետությունում սկսվեցին մարտական գործողությունները, կանադահայերը շոկի մեջ էին, հետո հասկացան, որ պետք է ինքնակազմակերպվել։  Բողոքի ակցիաները սկզբում ինքնաբուխ էին։ Շատ քիչ թվով մարդիկ ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ էին տեղադրում, տեղեկացնում ակցիների մասին։

Անցած երկուշաթի բողոքի ակցիա է իրականցավել Մոնրեալում, երեքշաթի՝ Տորոնտոյում։ Տորոնտոյի ցույցին ներկա են եղել նաև դերասան Արսինե Խանջյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը։

 

Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը՝ Տորոնտոյի ակցիայի ժամանակ

 

«2000-ից ավելի մարդ Տորոնտոյում՝ «Քուինզ պարկ»-ում, հավաքվեց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Ակցիան պետք է ավարտվեր՝ այգու շուրջը պտտվելով: Բայց ինչ-որ մի պահից սկսած` դա վերածվեց ինքնաբուխ քայլերթի, և ակցիայի մասնակիցները, ամբողջ Տորոնտոյի կենտրոնական փողոցները փակելով, քայլեցին դեպի Կանադայի ամենահայտնի հեռուսաընկերություններից մեկը (CTV24- խմբ․)` պահանջելով, որ լուսաբանեն և լուսաբանելուց զատ՝ ճիշտ լուսաբանեն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը: 

Նա նշում է, որ լրագրողի աչքով է նայում, թե ինչպես են կանադական լրատվամիջոցները լուսաբանում արցախյան իրադարձությունները, և գոհ չէ․

«Բայց եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները հսկայական գումարներ են ծախսել մեդիայի վրա, և կան նաև դա հաստատող հետազոտություններ, ամեն ինչ տեղն է ընկնում, և նաև պարզ է դառնում, թե ինչու է մեդիան կա՛մ քիչ անդրադառնում, կա՛մ հպանցիկ»։

Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Տորոնտոյում արդեն հաջորդ ակցիայի կազմակերպիչները ոչ միայն անհատներն էին, այլև  Կանադայում գրանցված հայկական կազմակերպությունները։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը,  թույլ չտալ, որ հայերի ցեղասպանությունը կրկնվի: 

«Այս հանրահավաքը նախաձեռնել էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակը, Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սա երրորդ ակցիան էր։ Այդ ընթացքում քայլեցինք դեպի Թուրքիայի հյուպատոսարան, այնտեղ նույնպես հնչեցին կոչեր, ելույթ ունեցան ազգությամբ հայ քաղաքական գործիչներ։ Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանն էին կրկին եկել, նաև եկեղեցու ներկայացուցիչներ էին ներկա»,- պատմում է նա: 

 

Բողոքի ակցիա Տորոնտոյում

 

Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Կանադայի հայերը հոկտեմերի 11-ին ստեղծեցին «Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդը», որպեսզի խորհրդում միավորվեն և՛ տեղում գործող հայկական կազմակերպությունները, և՛ անհատները։ Խորհուրդը ստեղծելը նաև անհրաժեշտ էր տեղի ունեցող միջոցառումները համակարգելու համար։ 

«Որպեսզի ուղերձները նույն բովանդակությունն ունենան, որոշվեց, որ ստեղծվի ահա այս խորհուրդը: Փայլուն բան է այն առումով, որ համախմբում է բոլոր-բոլորին` անկախ քաղաքական հայացքներից, նախընտրություններից: Ինչ-որ մի բան է, որ ամեն ինչից վեր է»,- ասում է նա։

 

«Լռության ակցիա»-ն Տորոնտոյում

 

Երկու օր առաջ էլ Տորոնտոյում իրականացվել է «Լռության ակցիա»․ Կանադայի ժամանակով առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 19։00-ն ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են փողոցներում՝ ձեռքներին պաստառներ պահած։ Մարիամ Մուղդուսյանն ասում  է, որ ակցիան խորհրդանշում էր միջազգային հանրության լռությունը։

« «Լուռ ակցիայի» ժամանակ շատ կանադացիներ մոտենում և ասում էին. «Խաղաղություն ենք մաղթում ձեր երկրին»։ Որովհետև, թեև ակցիան լուռ էր, բայց պաստառների վրա գրված էր` ինչ է տեղի ունենում»,- պատմում է նա։

 

«Լռության ակցիա»-ն Տորոնտոյում

 

Կանադահայ համայնքի ակցիաներին մասնակցել են նաև օտարերկրացիներ։ Մարիամ Մուղդուսյանը հիշում է, որ Մոնրեալի հանրահավաքի ընթացքում Հունաստանի դրոշներ է նկատել, նաև գերմանացիներ են ներկա եղել։ Բացի այդ՝ կանադացի քաղաքական գործիչներ էլ կան, որոնք մասնակցում են ակցիաներին, իրենց աջակցությունը հայտնում հայերին։

Բողոքի ակցիաները Կանադայում շարունակվելու են։ Մարիամ Մուղդուսյանը պատմում է, որ առաջիկայում մեծ ակցիա կիրականացվի Օտտավայում, որտեղ կենտրոնացած են պետական կառույցները։ Կանադայի հայերը նաև նախատեսում են քայլերթ իրականացնել․ քայլելու են 8 կմ։ Սպասվող ակցիաներից մեկը նվիրված կլինի Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ակցիաների ընթացքում շեշտը դրվելու է հանրային իրազեկման, տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքի և քաղաքական պահանջների վրա։

 

Դրամական աջակցություն` Հայաստանին

 

Մարիամ Մուղդուսյանը նշում է՝ Կանադայի հայ համայնքն այնքան մեծ չէ, որքան, օրիանակ, Միացյալ Նահանգներինը, բայց տեղի հայերը Հայաստան համահայակական հիմնադրամին ամենաշատ փոխանցում կատարողներից են։

Մարիամ Մուղդուսյանը ճանաչում է այնտեղ ապրող հայերի, որոնք պլանավորած առիթներ ունեին՝ հարսանիք, ծնունդ, բայց հետաձգել են, հավաքված գումարներն էլ ուղղել Հայաստանին։ Ինքը՝ Մարիամ Մուղդուսյանը, վաճառքի է հանել իր նկարներն ու ստացված ողջ հասույթը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամին։

 

Մեկը Մարիամ Մուղդուսյանի ստեղծագործություններից, որոնց վաճառքից ստացված գումարն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին

 

«Երկու տասնյակից ավելի հայ կանայք, որոնք ունեն բիզնեսներ, իրենց բիզնեսի հասույթները տրամադրում են բացառապես Հայաստան համահայկական հիմնադրամին` սկսած նկարչությունից, վերջացրած խմորեղենի արտադրությամբ, կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելով: Ձևավորվել է մի նոր մշակույթ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այսուհետ խնդիր ունենք ոչ միայն մեր ընտանիքներին աջակցելու, այլև ամենամսյա հաճախականությամբ Հայաստան համահայկական հիմնադրամին պարտադիր գումար փոխանցելու: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս հումանիտար աղետին պետք է դիմակայել՝ անընդհատ ներդրումներ կատարելով»,- ասում է նա: 

 

Աննա Սահակյան

Լուսանկարները՝ Անի Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել