Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|
15:34 - 16 հոկտեմբերի, 2020

Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում լարման կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: Նման տեսակետ հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դենդիասը նշեց, որ Աթենքից ուշադիր հետևում են զարգացումներին, ողջունում են կրակի դադարեցման բանակցությունները Մոսկվայում: «Մեզ շատ մտահոգում են այդ պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է  խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա:

Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»,-ասաց նախարարը:

Հունաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ բացարձակապես հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը: «Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում»,-ասաց նա:

Դենդիասը հիշեցրեց, որ Հունաստանն այս կապակցությամբ ի սկզբանե բարձրացրել է իր ձայնը: «Մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ-ի արձագանքը՝ տևական հրադադարի և խաղաղ լուծման կոչ անելով՝ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաև առաջարկեցինք, որ ԵՄ-ն կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի չհիմնավորված պնդումներին, մեղադրանքներին, հիշեցրեց, որ Հունաստանը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին:

Հունաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելքում լարումների ու ապօրինի գործողությունների մասին: «Բոլորն էլ ունեն քաջ հայտնի ընդհանուր հայտարար: Ընդհանուր հայտարարը Թուրքիան է, միջազգային լեգիտիմությունը հարգելու ԵՄ-ի կոչերի անտեսումը Թուրքիայի կողմից»,-ասաց նա ու հավելեց, որ Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել