Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծումը |armtimes.com|
11:30 - 16 հոկտեմբերի, 2020

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: 

Ըստ նախարարության հիմնավորման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: 

Հարկ է նաեւ ընդգծել, որ մեր տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Նախարարությունը նշել է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել